Օգոստոսի 4-ին 50-ամյա հոբելյանը տոնող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե, որպես նվեր, կցանկանար ստանալ «պետական պարտքի վերին հնարավոր շեմի բարձրացում»: Այս մասին նա ասել է Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում: Նա նաև ասել է, թե, որպեսզի դուրս բերի ԱՄՆ տնտեսությունն այս իրավիճակից, պատրաստ է գնալ փոխզիջումների՝ հրաժարվելով այն ծրագրերից, որոնք փոքր արդյունքներ են ունեցել:
Հիշեցնենք, որ մինչև օգոստոսի 2-ը ԱՄՆ-ում պետք է բարձրացվի պետական պարտքի վերին հնարավոր շեմը, ինչը թույլ կտա ամերիկյան կառավարությանը կատարել սոցիալական և պետական պարտքի սպասարկման բոլոր անհրաժեշտ վճարումները: Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը դեռ չի շտապում գնալ քայլին՝ առաջ քաշելով զանազան նախապայմաններ: Եթե մինչև այդ ժամկետը շեմի հարցը չլուծվի, ապա ԱՄՆ-ում կհայտարարվի դեֆոլտ, ինչը համաշխարհային տնտեսության համար հղի է անկանխատեսելի հետևանքներով: