Եվրագոտու երկրների առաջնորդները և Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնել են Հունաստանին տրամադրել 109 մլրդ եվրո օգնություն: Այս մասին հաղորդում է BBC-ն: Համաձայնությունը ձեռք է բերվել արտակարգ գագթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել Բրյուսելում: Եվս 40 մլրդ եվրո Աթենքը կստանա առաջիկա 3 տարիների ընթացքում բանկերից և մասնավոր ներդրողներից: Վերջնական հաստատման համար այս հարցը դեռ պետք է քննարկվի Եվրոպական խորհրդարանում:
Օգնության տրամադրումը հնարավոր դարձավ, երբ նախօրեին համաձայնության եկան Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները, որոնք համարվում են եվրագոտու հիմնական խաղացողներից: Բացի այդ, դրական որոշմանը նպաստեց նաև Հունաստանի իշխանությունների կողմից հակաճգնաժամային փաթեթի ընդունումը, որը նախատեսում է մոտ 28 մլրդ եվրոյի տնտեսում առաջիկա 5 տարիների ընթացքում: