«Առաջին լրատվական»-ի խմբագրություն էր զանգահարել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ Վաչե Գևորգյանը, որը պատմեց հետևյալը։
«Մի քանի օր առաջ քեռուս հետ, իր ավտոմեքենայով, գնացինք գազալցակայան՝ գազ լցնելու։ Երկու անգամ գազ լցրեցինք, երկու անգամ էլ ՀԴՄ կտրոն չեն տրամադրել։ Մեկ անգամ Խարբերդի խաչմերուկի գազալցակայանից գազ լցրեցի, սարքը ուշացումով միացրին, դժվարությամբ աշխատեցրին, տվեցին։ Մյուս գազալցակայանն էլ Յուվա գյուղի մոտ էր, այնտեղ էլ ասացին, որ սարքը չի աշխատում։ Եվ սա տեղի է ունենում օրը ցերեկով։ ՀԴՄ կտրոն ես եմ պահանջել, Խարբերդի խաչմերուկում գտնող գազալցակայանում ասացին՝ կտանք, միացրին, տասը րոպե սպասեցի, ուշացումով բերեցին, կտրոնը տվեցին։ Իսկ հաջորդ գազալցակայանում ընդհանրապես չտվեցին, ասացին՝ չենք կարող տալ։ Եկա տուն, զանգեցի կառավարության թեժ գիծ, չէր պատասխանում, երևի գերծանրաբեռնվածության պատճառով չէին կարողանում պատասխանել հեռախոսներին։ Զանգեցի Պետական եկամուտների կոմիտե, թեժ գիծ, էլի ծանրաբեռնված էր, չպատասխանեց։ Ես ապրում եմ, աշխատում եմ, հարկեր եմ վճարում, իմ հարկային պարտավորությունները ժամանակին կատարում եմ, ոչ մի ուշացում թույլ չեմ տալիս։ Բայց որոշ մարդիկ իրենց պարտականությունները չեն կատարում։ Վարչապետն էլ ասում է՝ ՀԴՄ կտրոն պահանջեք, ես պահանջում եմ, ո՞վ է տալիս, կամ տրամադրելուց ի՞նչ ձևով են տալիս»։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ հունվարի 9-ին, կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր հսկիչ դրամարկղային կտրոններ չտրամադրելու հարցին։ Նա նշել էր, որ շարունակում են ահազանգեր ստանալ ՀԴՄ կտրոններ չտալու մասին։ Վարչապետը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել էր, որ ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ։











































