Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադայից ետ է կանչել Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին փոխվարչապետ նշանակելու առաջարկը՝ հայտնում է ուկրաինական Censor.net կայքը:
Ըստ Censor-ի՝ կառավարության նման որոշման պատճառն այն է, որ այն չի կարողացել հավաքել բավարար թվով պատգամավորներ, որոնք պատրաստ կլինեին աջակցելու նման նշանակմանը: Սաակաշվիլիին վարչապետի տեղակալի պաշտոնում հաստատելու համար անհրաժեշտ էր Ռադայի անդամների 226 ձայն: Իշխանամետ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը այժմ ունի 248 ձայն, ինչը հնարավոր է դարձնում հաստատել նշանակումը` առանց հաշվի առնելու այլ խմբակցությունների տեսակետները: Այնուամենայնիվ, բանակցությունները կուսակցական պատգամավորների հետ ձախողվել են, չնայած նախաձեռնության հեղինակը անմիջապես Զելենսկին էր. 170-ից ոչ ավելի պատգամավորներ են համաձայնել աջակցել Սահակաշվիլիին։
Հրապարակման համաձայն՝ Զելենսկու թիմը այժմ քննարկում է Սահակաշվիլիին այլ պաշտոն առաջարկելու տարբերակը: «Ներկայում դիտարկվում է Օդեսայում Սաակաշվիլիին քաղաքապետի ընտրություններում առաջադրելու տարբերակը՝ որպես իշխանությունների կողմից առավելագույն աջակցություն ունեցող «ժողովրդի ծառա»-ի թեկնածուի», – գրում է Censor- ը:









































