Վարչապետի ուղիղ եթերին նախորդող փորձնական կադրերի հրապարակայնացումը՝ տեսահոլովակի միջոցով, ու դրան հաջորդած պետական կառույցների, մասնավորապես՝ վարչապետի մամուլի խոսնակի ու Հանրային հեռուստաընկերության «փոխհրաձգությունն» առիթ հանդիսացան, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսի «թավիշի» ու դրա ընկալումների, մի շարք երևույթների մասին, բարձրաձայնի մտքեր, որոնք անցած երկու տարիներին գուցե քննարկվել են տարբեր ձևաչափերով, սակայն չեն ձևակերպվել որպես հանրային դիսկուրս։
Սկանդալային տեսահոլովակի մասին Փաշինյանը շատ հակիրճ է խոսել։ «Սովետական տարիներին երեխաները մտածում էին, որ ուսուցիչները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում. որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն են թողել։ Շատ վատ երևույթ է տեղի ունեցել։ Բայց այդ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե կադրերի, դրանք սովորական աշխատանքային կադրեր են»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ իր հազն անգամ շատերին է հուզել, և նախորդ օրերին իր գործընկերները խորհուրդ են տվել և կորոնավիրուսի 3-րդ թեստն են արել, որի պատասխանը բացասական է։
Փոխարենը Փաշինյանը բացահայտեց, թե ինչն է երկրում տիրող մեծ դժգոհության պատճառը։ Իհարկե, այս թեմային դեռ հանգամանալից կանդրադառնանք, սակայն հիմա կարևոր է վարչապետի վարկածը, որովհետև, խորապես համոզված եմ, դրան հաջորդելու են կոնկրետ իրադարձություններ, որոնք կարող են շրջադարձային լինել երկրի ներքաղաքական կյանքում։
«Խորքային առումով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետեւ փայի բաժանում տեղի չի ունենում: Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ մեծ է: Հիասթափված են բոլորը՝ նրանք, ովքեր հույս ունեին փայ ստանալ, նրանք, ովքեր ուզում էին մեծացնել իրենց փայը կամ վերցնել ուրիշի փայը: Ինձ շատ հաճախ բիզնեսմենները ասում են՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ես ասում եմ՝ աշխատեք, հարկերը վճարեք, իսկ նրանք զարմանում են, որովհետև 30 տարի այս երկրում իշխել է մաֆիոզ մտածողությունը՝ ինչ արտոնություններ ունես դու հասարակության մեջ»,- ասել է նա:
Ընդ որում՝ վարչապետը այսօր առաջին անգամ պոտենցիալ «զտվողների» շարքում դասեց ոչ միայն «Սերժի մնացորդներին», այլ նաև իր հնարավոր թիմակիցներին, որոնք «չարաշահել են թավիշը»։ Այլ խոսքով՝ հեղափոխության ռոմանտիկ փուլն ավարտվում է, ու այլևս կադրային կտրուկ տեղաշարժեր են սպասվում հենց հեղափոխության թիմի ներսում։ «Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, էմոցիոնալ հեղափոխություն էր, իսկ հիմա տեղի է ունենում իրական հեղափոխությունը, երբ պետք է հասկանանք, թե որքանով է փոխվել յուրաքանչյուրը»,- ասել է Փաշինյանը՝ թերևս առաջին հերթին թիրախավորելով իր թիմակիցներին։
Եվ վերջապես՝ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց իշխանությունից հեռանալու հնարավորության մասին՝ հղում անելով ժողովրդի հնարավոր ցանկություններին։ Ըստ ամենայնի՝ նա կարիք ունի հասկանալու, թե «մաֆիոզ մտածողությունն» ինչպիսի տարածականություն ունի հասարակության մեջ։ Սակայն սա այլ՝ ավելի տարողունակ հոդվածի թեմա է։







































