Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը նոր պայմանագիր կառաջարկի բրազիլացի հարձակվող Նեյմարին:
Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ի թղթակիցը: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարվա համար, իսկ Նեյմարը տարեկան կստանա 38 միլիոն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ ֆուտբոլիստին անպայման կվերադարձնեն կատալոնական ակումբ: Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին:
«Բարսելոնա»-ի կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-17 թվականների ընթացքում և դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոնի, երեք անգամ տիրացել է Իսպանիայի գավաթին, մեկական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության գավաթները և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: