Բոլորովին վերջերս ընդունվեցին դատական օրենսգրքի փոփոխությունները, որոնք միտված են հասարակության մոտ տարածում ստացած վեթինգ ասվածին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ օրենքը դեռ ՀՀ նախագահի կողմից չի ստորագրվել, կստորագրվի և ուժի մեջ կմտնի:
«Ես լսել եմ քննադատություն, որ օրենսգրքի այդ փոփոխությամբ այն լուրջ գործիքակազմը չի տվել, որն ակնկալվում էր: Սա մի փոքր տարօինակ է, որովհետև երբ նույն շրջանակների մեկնաբանությունները, ստատուսները, հարցազրույցները դիտում ես, ասենք 1-1,5 ամիս առաջ, ասում էին՝ այսպես ծայրահեղական ճանապարհով գնում եք, քանդում եք ամբողջ դատական համակարգը: Հիմա երբ ինչ-որ տեղ այդ շրջանակների կարծիքները հաշվի առնելով մեղմացնում ես, նույն շրջանակները հիմա էլ փորձում են հարվածել՝ հիմա էլ ասելով՝ թեթև եք գրել, չեք կարողանում նախատեսվածն անել: Ես վստահ եմ, որ եթե արդարադատության նախարարությունն ասում է, որ այս նախագծով և համապատասխան կառույցներին տրված այս լիազորություններով հնարավոր է իսկապես վեթինգ իրականացնել, ուրեմն մեզ այլ բան չի մնում, քան վստահել նախարարությանը»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:









































