Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախաքննական մարմնին ներկայանալուց հրաժարվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «5-րդ ալիք»-ին հարցազրույց է տվել և անդրադարձել Մարտի 1-ի գործին։ Կոստանյանը հարցազրույցի սկզբում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացրած տարեկան հաղորդմանը, որտեղ անդրադարձ է կատարվել Մարտի 1-ի քրեական գործին: Մասնավորապես, այդ հաղորդման մեջ խոսք էր գնում այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը (Գևորգ Կոստանյանը,- խմբ․), հիշյալ իրադարձությունների կապակցությամբ ՀՀ կառավարության և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջև կատարված գրագրության ընթացքում օգտագործելով մի շարք պաշտոնատար անձանց կողմից կազմված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթերը և սույն քրեական գործում առկա կեղծ բովանդակությամբ նյութերը, կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ կառավարության դիրքորոշում և այն ներկայացրել Եվրոպական դատարանին։
Կոստանյանը հակադարձում է. հիպոթետիկ, եթե ինքը այդ կեղծ փաստաթղթերը ներկայացրել է, ապա կառավարությունը կարող էր նոր փաստաթղթեր ներկայացնել ՄԻԵԴ, որոնք կարող էին նոր երևան եկած հանգամանք լինել, որի հիման վրա էլ ՄԻԵԴ-ը կարող էր նոր վարույթ հարուցել։ «Բայց ես պնդում եմ, որ վերջին երկու տարվա մեջ նոր կառավարությունը Մարտի 1-ի գործի կապակցությամբ որևէ նոր փաստաթուղթ չի ուղարկել և չէր էլ կարող ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Անգամ այն գործերով, որ ՄԻԵԴ-ն արդեն վճիռ է կայացրել, կառավարության կողմից իբրև թե ուղարկված նոր փաստաթղթերի հիման վրա վարույթները պետք է փոխեր, որը չի եղել»,-ասում է Կոստանյանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Կոստանյանի պնդմանը, նկատեց. «Իրականում, պարոն Կոստանյանի ասածը մի քիչ զարմանալի է ինձ համար, որովհետև Մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ-ի հետ կոմունիկացիան վաղուց արդեն ավարտված է։ Այն ժամկետները, որոնք տրամադրված են եղել կառավարությանը դիրքորոշում, կամ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելու համար, դրանք վաղուց արդեն ավարտվել են։ Այն, ինչ Մարտի 1-ի գործերով ուղարկվել է ՄԻԵԴ, ուղարկվել է պարոն Կոստանյանի կողմից ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ եղած ժամանակ։ Այս պահին մենք որևէ անելիք չունենք Մարտի 1-ի գործերով և հիմա ակնկալու ենք դատարանի դիրքորոշումը։ Կոմունիկացիայի փուլը վաղուց փակված է, և մենք այլևս հնարավորություն չունենք ինչ-որ նոր փաստաթուղթ ներկայացնել։ Գործերի մեծամասնությունը արդեն սպասում է վճռի»։
Մեր դիտարկմանը՝ դատախազության տարեկան հաղորդման մեջ հիշատակված կեղծ փաստաթղթերը հենց Կոստանյանի կողմից ուղարկվածնե՞րն են, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը պատասխանեց. «Ես չեմ կարող դրա մասին խոսել։ Ճիշտ չէ իմ կողմից դրա մասին խոսելը։ Կարող եք դատախազությունից մանրամասներ իմանալ»։
Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Մարտի 1-ի դեպքերից հետո ՄԻԵԴ մոտ 20 անհատական գանգատներ են ներկայացվել, դրանցից մի քանիսով արդեն վճիռներ եղել են, մոտ 1 տասնյակի մասով ակնկալվում է, որ առաջիկայում վճիռներ կլինեն, իսկ կան դեռևս գործեր, որոնք ընթացքի մեջ են։
ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով Գևորգ Կոստանյանի մեկժամանոց հարցազրույցին, հնչեցրած մտքերին ու արդարացումներին, նշեց, որ միայն այն փաստը, որ Կոստանյանը այդ հարցազրույցը տալիս է Մոսկվայից՝ խուսափելով ներկայանալ նախաքննական մարմնին, արդեն իսկ խոսում է նրա «համարձակության» և մեղավորության մասին։ «ՀՔԾ-ն իր ասելիքը ասել է Կոստանյանի մասով՝ առաջադրված մեղադրանքում։ Հիմա Գևորգ Կոստանյանը մոսկվաներից հարցազրույցներ տալու փոխարեն թող գար, ներկայանար նախաքննական մարմնին, ապացուցեր, որ ինքը ճիշտ է, իսկ ՀՔԾ-ն սխալ է իր գործողություններում։ Այնպես որ, Կոստանյանի արածը, ինչպես դասականը կասեր, մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է։ Գլխավոր դատախազ եղած մարդը փախչում է նախաքննությունից, բայց Մոսկվայից հեռահար արդարացման փորձեր է անում։ Դա զավեշտալի էլ չէ»,- նկատեց Խաչատրյանը։
Մեր դիտարկմանը՝ իրավապահ մարմինների թերացումը չկա՞, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանը դեռևս իր նախկին ղեկավարների հետ նույն տեղում չէ, Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, իրավապահ մարմինների կողմից որոշակի թերացումներ եղել են, որի արդյունքում Մարտի 1-ի գործով բազմաթիվ անձինք, ունենալով դատավարական կարգավիճակ Մարտի 1-ի գործով, հնարավորություն ունեցան փախչելու։ Նրանք հիմա հերիք չէ քրեական հետապնդումից խուսափում են, մի հատ էլ տարբեր լրատվամիջոցներով հարցազրույցներ են տալիս։ Ամեն դեպքում այսօրվա իրավապահ համակարգը պետք է այնպես անի, որ հետագայում, եթե էլի անձինք կան, որոնք ներգրավվելու են Մարտի 1-ի գործով, հնարավորություն չունենան խուսափելու քրեական հետապնդումից ու քրեական պատասխանատվությունից»։








































