Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ Լիբիայում թուրքական անօդաչու սարքերը «հնձում» են ռուսական զորքին, որը կռվում է գեներալ Հավթարի կողմում և աջակցում նրան: Ադրբեջանցիները գրում են, որ թուրքական կողմը հաջորդությամբ կիրառում է Սիրիայի փորձը, որը կիրառել էին Իդլիբում: Հայտնի է, որ Իդլիբում թուրքական անօդաչուները մեծ վնաս էին պատճառել սիրիական բանակին՝ թե՛ տեխնիկայի, թե՛ մարդուժի: Իդլիբի վերաբերյալ Մոսկվայում Պուտին-Էրդողան համաձայնությունը կանգնեցրեց թուրքական զինուժին, ընդ որում՝ շատերի համար անսպասելի, քանի որ թուրքական զինուժը ստացել էր որոշակի առավելություն: Փորձագետները այդ համատեքստում Պուտինի դիվանագիտական հաղթանակ են համարում մոսկովյան այդ համաձայնությունը: Եվ նկատելի է նաև, որ հատկապես կորոնավիրուսային իրականության պայմաններում Էրդողանը բավականին ափսոսում է, որ Սիրիայում կորցրել է տեմպը, որը ներկայումս վերականգնելը բավականին դժվար է:
Ըստ երևույթին, այդ պատճառով է Թուրքիան որոշել հարվածի ուղղությունը դարձյալ տեղափոխել Լիբիա: Այստեղ, իհարկե, Հայաստանից ուշադրության է արժանի ադրբեջանական ոգևորությունը՝ կապված անօդաչուներով հարվածների հետ: Բանն այն է, որ թե՛ Սիրիայի Իդլիբում, թե՛ Լիբիայում, և թե՛ հավանաբար հնարավոր որևէ այլ տեղ թուրք-ռուսական ուղղակի, թե անուղղակի որևէ բախում Բաքուն դիտարկում է արցախյան հարցի համատեքստում և այդպիսով գնահատում իր ռազմական հեռանկարներն ու հնարավորությունը: Ռուսաստանի հանդեպ մոտ, հեռու, ուղղակի թե անուղղակի, Թուրքիայի որևէ ռազմական առավելություն Բաքուն դիտարկում է ինչպես իր առավելությունը հայերի նկատմամբ: Դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական քարոզչամիջոցները ոգևորությամբ էին արձանագրում թե՛ Իդլիբում թուրքական գործողությունը, թե՛ Լիբիայում: Այստեղ պարզ երկրպագություն չէ՝ կրտսեր եղբոր երկրպագությունն ավագին: Այստեղ նախ այն է, որ Ռուսաստանը մերժում է Բաքվին ցուցաբերել այնպիսի աջակցություն, ինչպիսին Ապրիլյանից առաջ էր, և նաև այն, որ Բաքուն մոդելավորում է այդ բախումները իր հարցերի պրիզմայով:
Այդ տեսանկյունից, իրավիճակը պետք է մոդելավորի նաև Հայաստանը, դիտարկելով տեղի ունեցողը որպես Հայաստանի՝ ներառյալ, իհարկե, Արցախը, Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հնարավոր մոդել, իր, իհարկե, հնարավոր տարբեր, այսպես ասած, վարիացիաներով: Ընդ որում, այստեղ մոդելավորման ենթակա պետք է լինեն ոչ միայն ադրբեջանական հնարավոր ագրեսիայի տարբեր սցենարները՝ դրանք իրականում կանխելու և զսպած պահելու համար, այլ, թերևս, նույն նպատակի համար նաև մոդելավորելու անհրաժեշտություն կա Ռուսաստանի ռազմական և քաղաքական պահվածքի տեսանկյունից: Հանգամանալից ու մանրամասն դիտարկելով թուր-ռուսական ուղղակի, թե անուղղակի բախումները Սիրիայում կամ Լիբիայում, Հայաստանը կարող է ձեռք բերել դրանք Կովկասում կանխելու հավելյալ հնարավորություն ու միջոցներ, այդ թվում՝ Ադրբեջանին զսպելու և խաղաղություն պարտադրելու տեսանկյունից:









































