Քոչարյանի փաստաբանական թիմը չի պատրաստվում առաջիկայում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարությանը որևէ քրեադատավարական ձևակերպում տալ. «Վերջնականապես չասեմ բոլորի փոխարեն, բայց իմ պատկերացմամբ՝ որևէ դատավարական ընթացք չի լինի։ Այդ հայտարարությունը ինքնին դատավարական հայտարարություն չի, և ես կարծում եմ՝ դատավարության ընթացքում դրա վրա հղումներ հազիվ թե լինեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նախօրեին անդրադարձել էր Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցին՝ մասնավորապես նշելով. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- ասել էր կաթողիկոսը։
Մեր դիտարկմանը, քանի որ կաթողիկոսի կողմից արդեն իսկ նման հայտարարություն եղել է, հնարավո՞ր է իրենք դիմեն վերջինիս արդեն անձնական երաշխավորություն ներկայացնելու համար, Ալումյանը պատասխանեց. «Ոչ։ Բացի դրանից, եթե մարդիկ անձնական երաշխավորություն են ներկայացնում, դա լինում է բացառապես իրենց նախաձեռնությամբ։ Տվյալ դեպքում նման նախաձեռնություն մեր կողմից չի եղել, և ես տեղեկություն չունեմ, որ կարող է և լինի»,- ասաց Ալումյանը։
Մեր հարցին՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար արդեն իսկ ներկայացված երկու միջնորդության քննության ժամանա՞կ էլ չեն օգտագործի Վեհափառի կոչ-հայտարարությունը, Ալումյանը պատասխանեց. «Միջնորդությունը հիմնված չի լինելու դրա վրա, քանի որ միջնորդությունները արդեն իսկ ներկայացված են։ Բայց ես չգիտեմ, միջնորդության քննության ընթացքում, խոսքի մեջ որևէ մեկը դրան կանդրադառնա, թե ոչ»։
Նշենք, որ գլխավոր դատախազությունը ևս արդեն արձագանքել է Վեհափառի հայտարարությանը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել է, որ Վեհափառի հայտարարությունը քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի: Հետևաբար, դատախազությունը չի մեկնաբանում կոնկրետ քրեական դատավարության գործընթացից դուրս նման հայտարարություններ:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու Քոչարյանը որոշեց կաթողիկոսին ևս ներքաշել իր քաղաքական խաղերի մեջ՝ շատ լավ գիտակցելով հետևանքները, նկատեց, որ Քոչարյանը և իր փաստաբանական թիմը նկատելիորեն այլ հնարքներ չունեն դատավարությունը ձգձգելու համար, հետևաբար նոր հնարքների են դիմում։ «Տարիուկես է՝ միտումնավոր ձգձգում են դատավարությունը, վերջին շրջանում փորձում էին դատավորի վրա ճնշումներ գործադրել։ Նախ հետապնդում էին դատավորին, ապա սկսեցին դատավորի վրա հոգեբանական գրոհներ ձեռնարկել, որ նա հրաժարվի գործի քննությունից ու սկսեցին ապատեղեկատվություններ տարածել։ Այս ամենի արդյունքում տեսնելով, որ որևէ արդյունքի չեն հասնում, փորձեցին եկեղեցուն և Վեհափառին ներգրավել այդ պրոցեսում։ Բայց հասարակության ռեակցիան ցույց տվեց, որ մնան օպերացիայի տեղ չկա»,- ասաց քաղաքագետը։
Սաֆարյանի խոսքերով՝ նման մեթոդների դիմելը ցույց է տալիս, որ Քոչարյանը և իր փաստաբանական թիմը այլևս սպառվել են։ «Նրանք Արցախը չկարողացան օգտագործել։ Ավելի ճիշտ՝ Արցախի գործոնն էլ ավարտվեց, Արցախի երկու նախկին նախագահների երաշխավորությունը որևէ արդյունք չվեց, Արցախում քաղաքական սցենարը չգնաց այնպես, ինչպես իրենք պլանավորել էին, չհաղթեց այն թեկնածուն, որի հետ հույսեր էին կապել։ Ակնհայտորեն իրենց միակ հույսը մնացել էր Մայր Աթոռը։ Բայց դատելով կառավարության, դատախազության արձագանքից, նրանց այս հույսն էլ ի դերև կլինի»,- ընդգծեց Սաֆարյանը՝ հավելելով, որ կաթողիկոսի այս հրապարակային կոչի միակ հետևանքը եղավ այն, որ եթե հասարակությունը տեղյակ չէր, որ նույն ու մի քանի այլ գործերով անցնող Սամվել Մայրապետյանը փախել է Մայր Աթոռի երաշխավորության արդյունքում, ապա հիմա դրա մասին էլ իմացան բոլորը։
Քաղաքագետը նկատում է՝ հաշվի առնելով հասարակության ռեակցիան, չարժեր գնալ նման քայլի, ոչինչ չարժեր Վեհափառին նման արձագանքի արժանանալը, բայց դա նրա ընտրությունն է։ «Իրենք երևի մտածում էին, որ հասարակական վերաբերմունք է փոխվել, բայց լավ չեն ճանաչում իրենց հասարակությանը, չգիտեն, որ բաներ կան, որ հասարակությունը չի մոռանում, և հնարավոր չէ հասարակությանը մոլորեցնել»,- եզրափակեց Սաֆարյանը։
Հ․ Գ. Երեկ երեկոյան, Վեհափառի հայտարարությունից մեկ օր անց, Մայր Աթոռը հարկ համարեց պարզաբանել, որ հայտարարությունը կոնտեքստից կտրված է։ «Հարկ ենք նկատում հայտնել հետևյալը՝ Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի։ Ցավոք, Ամենայն Հայոց կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված։ Նորին Սրբության հորդորին առնչված բոլոր մեկնաբանություններն ու գնահատականները պետք է կատարել՝ խստորեն հետևելով տեքստի բովանդակությանը, ինչպես նաև դրսևորել անհրաժեշտ պատշաճություն և բարեկրթություն տեսակետներ և կարծիքներ արտահայտելիս, առավել ևս, երբ դա կատարվում է պաշտոնատար դիրք զբաղեցնող անձանց կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, որը նաև հանդիսանում է Սամվել Մայրապետյանի երաշխավորներից մեկը, ինչի արդյունքում Մայրապետյանը խուսափում է պատասխանատվությունից։
Լուսանկարը՝ Photolure-ի








































