Պետականամետ մտածողության բացարձակ բացակայության ֆոնին` պետականամետ մտածողության խորը ճգնաժամի պայմաններում առաջնորդվել ընդդիմախոսներին լռեցնելու` “ջուր եք լցնում թշնամու ջրաղացին” հին հայկական և այլևս ոչ արդիական տրամաբանությամբ, զավեշտալի է:
– Իսկ ու՞մ ջրաղացին էիք Դուք ջուր լցնում, երբ 2008թ. կեղծում էիք նախագահական ընտրությունները, երբ սառնասրտորեն համաձայնվում էիք իրենց Սահմանադրական իրավունքների համար խաղաղ ու քաղաքակիրթ պայքարի ելած ժողովրդի վրա կրակելու հրամանի հետ, երբ թափում էիք անմեղ մարդկանց արյունը, երբ զնդաններում էիք պահում քաղբանտարկյալներին:
– Ու՞մ ջրաղացին էիք Դու´ք, հենց Դու´ք, ջուր լցնում, երբ տարբեր բարձր ամբիոններից, ի լուր աշխարհի հայտարարում եք Ադրբեջանի ռազմական առավելությունների մասին` Արցախի հարցի շուրջ բոլոր քննարկումները իջեցնելով “կարմիր գծից” ներքև:
– Ու՞մ ջրաղացին են ջուր լցնում Ձեր գեներալները, երբ դաժանաբար խոշտանգում են մեր զավակներին և մնում անպատիժ:
– Ու՞մ ջրաղացին է ջուր լցնում Ձեր վարչապետը, որի վարած ապաշնորհ տնտեսական քաղաքականության գնահատականը աղքատության խորացումն է (ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է), միգրացիայի ահագնացող, այո´, ահագնացող, տեմպերն են, կապիտալի զանգվածային արտահոսքը, աննախադեպ գնաճը, բիզնեսի վարման խոչընդոտների աճը, համատարած և համակարգային կոռուպցիան:
– Ու՞մ ջրաղացին են ջուր լցնում Ձեր նախարարները, ովքեր արդեն բռնել են մեր որդիների և դուստրերի հայեցի կրթության ոչնչացման ուղին, ովքեր տարիներ շարունակ և անպատիժ մսխում են պետական միջոցները, հարստություն դիզում վաղուց արդեն այն աշխարհը “միգրացված” 60 հազար ննջեցյալների անվան տակ, նաև ընտրություններին ժամանակ ապահովում ձայների Ձեր անհրաժեշտ քանակը:
– Ու՞մ ջրաղացին էր ջուր լցնում վարչապետի մանկապիղծ խորհրդականը, երբ օգտվելով անցած երեք տարիների ընթացքում իր պատրոնի կողմից “սանձազերծված” էլ ավելի խորացող տնտեսական և սոցիալական ծանր վիճակից` բարոյապես ոչնչացնում էր վաղվա քաղքացուն և զինվորին:
– Ու՞մ ջրաղացին են ջուր լցնում Ձեր հարազատ եղբայրները, որոնց մասին մամուլում պարբերաբար հայտնվում են մեզ և սփյուռքահայ մեր հայրենակիցներին թալանելու անհերքելի փաստեր:
– Ու՞մ ջրաղացին են ջուր լցնում Ձեր անձնական օգտագործման օլիգարխները, որոնց անհատակ ագահության շնորհիվ միջին վիճակագրական քաղաքացին կարողանում է գնել միայն հաց, այն էլ այնքան` որ սովից չմահանա:
– Կրկին ու կրկին, ու՞մ ջրաղացին եք ջուր լցնում Դուք, երբ երկրի աղետալի վիճակի պատասխանատուներին, Ձեր ապօրինի իշխանության պրոֆեսիոնալ խիղճը կորցրած ծառայամիտներին պատժելու փոխարեն` հրահանգում եք ավելի արհեստավարժ կեղծելու վերոհիշյալ ողջ իրականությունը և շփոթեցնելու ՀՀ քաղաքացիներին` Ձեր ավազակապետության զոհերին:
Ուզու՞մ եք թշնամու ջրաղացին ջուր չլցվի` հեռացե´ք:
«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնություն
21.07.2011թ.










































