Պարզ է, որ եղել են գործնական տարաձայնություններ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ուղիղ տեսակապի ժամանակ Դանիայից հայտարարեց Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
Նա նաեւ տարաձայնությունների մի քանի օրինակներ բերեց. «Ես այս երկու տարում ոչ մի ինտրիգի մեջ չեմ մտել, կենտրոնացել եմ աշխատանքի վրա, բայց ճիշտ կլինի նշել մի քանի օրինակ: Մի խնդիրը հայեցակարգի մասով էր առաջացել, ինչպես պարոն Ճաղարյանը նշեց իր հարցազրույցում: Դա կապված էր նրա հետ, որ մեզ հանձնարարական էր եկել, որ պետք է համատեղ հայեցակարգ մշակենք ՀՀ-ի համար: Բայց պարոն Ճաղարյանի կողմից արդեն մշակված տարբերակը իր համար վերջնական տարբերակն էր: Երբ ասում էինք՝ եկեք համատեղ այդ ամենն անենք, ինքը մերժում էր, ասում էր՝ կամ իմ ձեւաչափով ենք աշխատում, կամ ոչ մի: Դա ինձ համար անընդունելի է: Հայեցակարգը շատ կարեւոր է, որը բերելու է նրան, որ ռազմավարություն է գրվելու պետության համար, այստեղ կարեւոր են բոլորի կարծիքները, թիմային աշխատանքը»:
Երկրորդ խնդիրը, ըստ Ռեւազյանի այն էր, որ Հակոբ Ճաղարյանն ասել է, որ երեք մասնագետ է առաջարկել իրենց, որ իրենք կարողանան պատրաստվել այդ այցին:









































