Անդրադառնալով երեկ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը, որտեղ մասնավորապես քննարկվել էին արտագաղթին վերաբերող խնդիրներ՝ աշխարհագրական գիտությունների թեկնածու, Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն ասաց, որ այսօր թեև զանգվածային արտագաղթ չկա, բայց հասել ենք այն մակարդակին, որ քանակը որակ է տալիս։ Ըստ նրա՝ հատկապես անհանգստացնող է այն մթնոլորտը, որ ստեղծված է երկրում։
Վերջին 4 տարվա տվյալի համաձայն, ըստ նրա, պարզվել է, որ Հայաստանի բնակչության 40-45 տոկոսն իր ապագան երկրի հետ չի կապում։ Նա տեղեկացրեց նաև, որ հանդիպում է ունեցել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որը պատրաստակամություն է հայտնել արտագաղթին վերաբերող լսումներ կազմակերպել։ «Մենք պատրաստ ենք մասնագիտական խումբ ստեղծել ու քննարկել այն հարցերը, որ այս պահին մարդկանց ստիպում են երկրից հեռանալ»,- նշեց Կ.Դանիելյանը՝ հույս հայտնելով, որ իրենց առաջարկությունները կընդունվեն։
«Հիմա այնպիսի հոռետեսական իրավիճակ է, որ մարդիկ թողնում-գնում են, ու բացատրություն չկա այդ վիճակին։ Մենք մեզ չենք վերարտադրում, մեծանում է ինքնասպանությունների թիվը»,- մտահոգված ասաց բանախոսը։








































