Այս օրերին մի շարք լրատվամիջոցներ, լրագրողներ մտահոգություն են հայտնում արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների սահմանափակումների վերաբերյալ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի պնդմամբ՝ այս քայլը վատագույնն էր, ինչը կարող էր անել կառավարությունը։ Նրա համար ամենամտահոգիչ հանգամանքներից մեկը թերևս այն է, որ ոստիկանությունն է զբաղվում լրատվամիջոցին ուղղություն ցույց տալու, հրապարակումը թույլ տալու կամ չտալու հարցով։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը կոչ է անում անհապաղ վերացնել այդ սահմանափակումները։