Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը այսօր ԱԺ-ում ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում ներկայացրին հանձնաժողովի և Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության՝ GTZ-ի կառույցի համատեղ գործունեության արդյունքները:
«Ծրագիրը ավարտվեց, սակայն ծնվում է նոր ծրագիր: GTZ-ի հետ համագործակցությունը առանձնանում է իր արդյունքների ակնհայտությամբ: Դեռ տարիներ առաջ մեր հանձնաժողովի և GTZ-ի խորհրդատուների համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծվեց կարևորագույն մի օրենք՝ Վերահսկիչ պալատի մասին օրենքը, և պետք է ասեմ, որ այդ օրենքը տարիների ընթացքում բռնել է քննություն։ Ստեղծվել է հզոր մի կառույց, որը իր կառուցվածքով իր գործառույթներով շատ նման է ԵՄ երկրների կառուցվածքներին և գործառույթներին: Իրականացնում է աշխատանքներ՝ առանց որոնց երևի թե դժվար է պատկերացնել ընդհանրապես հանրային վերահսկողությունը մեր ֆինանսական միջոցների նկատմամբ»:
Գ. Մինասյանը հայտնեց, որ ծրագրի իրականացման ընթացքում այն մի փոքր ընդարձակվել է, և ներկայացրեց նրա հիմնական ձեռքբերումները. «Ստեղծվել է թիմ ոչ միայն ԱԺ-ում, այլև կառավարությունում, Վերահսկիչ պալատում, որը քաջատեղյակ է ծրագրային բյուջետավորման մանրամասներին, առավելություններին և խնդիրներին: Խորհրդատվությունները բավական ուսանելի էին»:
Խոսելով ապագա ծրագրի իրականացման մասին՝ Գ. Մինասյանը նշեց, որ կարելի է անվանել բյուջետային օֆիսի գաղափար. «Բյուջետային գործընթացներին ոչ ծանոթ խորհրդարանականների համար անհրաժեշտություն է առաջանում ստեղծել մի աշխատանքային խումբ՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովին կից, որը աջակցում է բյուջեի նախագծի ուսումնասիրմանը, անել առաջարկություններ և պարբերաբար տանել վերահսկողություն»:
Հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ծրագրային բյուջեի բարեփոխման իմաստը հենց այդ ծրագիրն է իրականացնում, որպեսզի այնպիսի արդյունքային քաղաքականություն վարվի, որ լրագրողները, հանրությունը, պառլամենտը կարողանան արդյունքով գնահատել գործող կառավարության քաղաքականությունը:









































