Հայ աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, մեկնաբանելով ՀՀ գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանի՝ Բյուրականի աստղադիտարանում ֆինանսական խոշոր խախտումներ հայտնաբերելու մասին հայտարարությունը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խոսքն «ընդամենը գումարների փոխանակման մասին էր»։
Նրա խոսքով՝ հայ-ֆրանսիական համագործակցության ծրագրի շրջանակում 2010 թ. դեկտեմբերին աստղադիտարանի հաշվին փոխանցված գումարն օգտագործվել է բացառապես էլեկտրաէներգիայի և աշխատավարձերի վճարման նպատակով։ «Այստեղ արտառոց բան չկա, սակայն դա ներկայացվել էր որպես ֆինանսական խախտում»,- ասաց նա՝ ավելացնելով, թե ի՞նչ տարբերություն՝ որ գումարն ինչի վրա է ծախսվելու։ «Վճարել ենք, որպեսզի աստղադիտարանը չհոսանքազրկվի»,- ասաց Ա. Միքայելյանը:
Նշենք, որ Գիտպետկոմն էլեկտրաէներգիայի և աշխատավարձերի վճարման համար նախատեսված գումարները պետք է փոխանցեր այս տարվա 2-րդ եռամսյակին։









































