Apple ընկերությունը նորացրել է մեկ եռամսյակի ընթացքում ունեցած շահույթի և հասույթի ռեկորդները: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում Apple ընկերության մաքուր շահույթը կազմել է 7.31 մլրդ դոլար, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցույց տված արդյունքները:
Երրորդ եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 28.6 մլրդ դոլար, ինչը 82%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Վերլուծաբանները կանխատեսում էին, որ այդ թիվը կհասնի 24.8 մլրդ-ի: Ռեկորդային այս ցուցանիշները ընկերությունն ապահովել է iPhone սմարթֆոնների և iPad պլանշետային համակարգիչների շնորհիվ: Երրորդ եռամսյակում վաճառվել է 20.3 միլիոն հեռախոս, ինչը մեկ միլիոնով ավելի է, քան կանխատեսել էին վերլուծաբանները: Տեղեկացնենք նաև, որ վաճառվել է 9.25 միլիոն պլանշետային համակարգիչ, ինչը նույնպես գերազանցել է բոլոր կանխատեսումները: