Լուրեր
Ընդդիմադիր այլընտրանքային բևեռ ձևավորելու դեպքում կկանխվի իշխանությանը սպառնացող վտանգը. Ժիրայր Սեֆիլյան
  • 22:00
  • 2020-02-26
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

– Հարգելի՛ Սեֆիլյան, ի՞նչ է որոշել «Սասնա Ծռերը» սահմանադրական հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ:

– Բնական է, որ մենք չենք կարող լինել «Ոչ»-ի դաշտում: Անշուշտ, համաձայն ենք, որ ՍԴ գործող յոթ անդամները կամ դատավորները օր առաջ ազատվեն այդ պաշտոններից, սակայն թե ինչ եղանակով ենք մասնակցելու առաջիկա հանրաքվեի գործընթացին, տակավին չենք որոշել, մենք ունենք բազմաթիվ մտահոգություններ՝ այս հապճեպ որոշման կապակցությամբ, դժբախտաբար, գործող իշխանությունները այս հարցում նվազագույն խորհրդակցական-խորհրդատվական կարծիք չեն հարցրել հեղափոխական ուժերից: Մենք պետք է իշխանությանը փոխանցենք մեր մտահոգությունները՝ հասկանալով, որ որոշումը կայացված է, հետքայլ հնարավոր չէ անել, պետք է քննարկենք, թե ինչպես վերացնել այն ռիսկերը, որ մենք տեսնում ենք:

– Ռիսկերը քաղաքակա՞ն դաշտում եք տեսնում, թե՞ իրավական:

– Ռիսկեր ենք տեսնում մեր երկրի զարգացման, ներքաղաքական իրավիճակի հետ կապված, գործող իշխանությունների տապալման հետ կապված: Այդ չմտածված, անհեռանկար որոշման պատճառով, որ հապճեպ կայացրել են, ոչ թե միայն իշխանության տապալում կարող է լինել, այլ դա նաև երկրի քաղաքականությանը վնասներ կպատճառի:

– Նկատի ունեք հանրաքվեի տապալո՞ւմը, այո՞:

– Ոչ միայն: Մեր կարծիքով՝ հանրաքվեից հետոն լավ հաշվարկված չէ, բազմաթիվ սցենարներ կարող են լինել: Ստեղծված իրավիճակի հետ կապված մեր մտահոգություններն ուզում էինք փոխանցել իշխանությանը, բայց, դժբախտաբար, նրանք հրաժարվեցին մեզ հետ որևէ խոսակցություն ունենալ… Առաջիկա օրերին մեր շարժման և այլ քաղաքական փորձագետների շրջանակում մեր քննարկումները կշարունակենք, դրանից հետո մեր հայտարարությունը կանենք, թե ինչ եղանակով ենք մասնակցելու այս գործընթացին:

– Հարգելի՛ Սեֆիլյան, Ձեր ակնարկից ես հասկացա, որ կարող էր բանը չհասնել հանրաքվեի:

– Անշուշտ: Այս խնդրից ձերբազատվելու բազմաթիվ ձևեր կային: Այս փոփոխությունը որ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մինչև 2018թ. ապրիլի 23-ը, կարող ենք ասել, որ հեղափոխական գործընթաց էր, սակայն Ս. Սարգսյանի հրաժարականից հետո հեղափոխական գործելաոճից գործող իշխանությունը հրաժարվեց: Եթե չհրաժարվեին, այս թնջուկները, որոնց մասին նաև վարչապետն ինքն է բարձրաձայնում՝ մատնացույց անելով, որ մի ամբողջ համակարգ իր դեմ է աշխատում, չէին առաջանա: Մենք և՛ բանտից ենք խորհուրդներ տվել՝ հրապարակային հայտարարություններով փորձել ենք առաջարկություններ անել, և՛ բանտից դուրս գալուց հետո՝ շփումներով, բայց շուտով երկու տարին կլրանա, և ըստ էության, նրանք ոչ մի լուրջ քայլ չեն կատարել համակարգային փոփոխությունների իմաստով: Մինչ այդ պետք է ամենապարզունակ քայլերը կատարվեին՝ նախևառաջ հանցագործ ռեժիմի թողած վերնախավից՝ կարևորագույն պաշտոններից պետք է ձերբազատվեին… Եթե նրանք որդեգրեին հեղափոխական ճանապարհը, մի քանի ամսվա մեջ արգելքները վերացած կլինեին:

– Հուսով եմ՝ ռեպրեսիվ մեթոդներ չեք առաջարկում:

– Անշուշտ, ոչ: Հեղափոխություն կա՛մ անում ես, կա՛մ չես անում, նախորդ հանցագործ համակարգը կա՛մ փշրում ես, կա՛մ համակարգը քեզ է խժռում: Այսօր, իմ կարծիքով, դժբախտաբար, գործող իշխանությունները խժռման ընթացքի մեջ են, եթե այսպես մի քիչ էլ շարունակեն: Ըստ էության, համակարգային ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, մեր ժողովրդին կեղեքող համակարգը շարունակում է իշխել մեր երկիրը, այո՛, Փաշինյանի ներկայությամբ բազմաթիվ փոփոխություններ կան՝ ոչ խորքային, և արդեն հույս չունեմ, որ նա կկարողանա այս համակարգը փշրել: Եթե այդպես լինի, ուրեմն համակարգն է իրեն խժռելու, թե ինչ ձևով, մենք այդ մտահոգությունների մասին էինք ուզում իրենց հետ կիսվել և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել միասին: Սակայն նրանք առանց պատճառաբանության հրաժարվում են խորհուրդներից և մեզ հետ շփումից, բայց մենք մեր ճանապարհն ունենք, մենք իրավունք չունենք սպասելու-տեսնելու՝ ինչ են անելու, քանի որ այդ ամենը մեր երկրի հետ կապ ունի…

– Հաշտվենք իրողության հետ, հանրաքվեն, կարծես թե, անխուսափելի է, այն պետք է տեղի ունենա, ես հասկացա, որ դուք նույնպես անմասն չեք մնա: Ի՞նչ նշանակություն այն ձեռք կբերի գործող իշխանության համար և ինչու ոչ՝ նաև ձեզ համար:

– Նրանք մինչև վերջ չեն հաշվարկել: Բնականաբար, կային այլ տարբերակներ ՍԴ 7 անդամից հրաժարվելու համար, մատնացույց եմ անում իրենց մտածած մեկ այլ տարբերակ՝ ԱԺ-ի միջոցով էին ուզում պաշտոնանակ անել, ինչո՞ւ չարեցին, ասեկոսեները բազմաթիվ են… Ինչ-որ ուժեր կան, որոնք ուզում են ուղղել իրենց «սխալը», այսինքն՝ երկու տարի առաջ երբ հայ ժողովրդին հաջողվեց տապալել ռեժիմի պարագլխին, այդ ուժերի նպատակն այն էր, որ Ս. Սարգսյանին փոխարիներ ոչ թե Ն. Փաշինյանը, այլ Կ. Կարապետյանը: Հենց այդ նույն ուժերը արդեն երկու տարի է աչալրջորեն հետևում են, պարբերաբար պլանավորում են ռևանշիստական, դավադրական ծրագրեր:

– Մոտենում եք հինգերորդ շարասյա՞նը:

– Այո՛: Այն տարբերակը, որին հանգել է իշխանությունը՝ հանրաքվեի միջոցով լուծել այս խնդիրը, չի բացառվում, որ ծուղակ լինի գործող իշխանության համար՝ նախկինների ձեռքով…

– Նախկինները խոսափում են քարոզչական առաջնագիծ դուրս գալ:

– Կարծում եմ՝ ճիշտ են դիրքավորվել, նրանք գնալով հմտանում են: Սխալների կարևոր պատճառներից մեկը Նիկոլ Փաշինյանի որդեգրած սխալ մարտավարությունն էր, որը մինչև այժմ շարունակվում է՝ «սևերի և սպիտակների» բաժանելը: Վարչապետը, դժբախտաբար, մինչև այսօր չի ուզում, որ «սպիտակ» դաշտից այլընտրանքային ընդդիմադիր բևեռ ձևավորվի… Այսօր քաղաքական դաշտում կարևորագույն քայլը պետք է լինի օր առաջ «սպիտակ» դաշտից ընդդիմադիր բևեռի ձևավորումը: Ընդդիմադիր այլընտրանքային բևեռ ձևավորելու դեպքում կկանխարգելվեն այն վտանգները, որոնք առաջին հերթին սպառնում են գործող իշխանությանը, ինչպես նաև մեր երկրին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *