Եթե մենք մոբիլիզացիա անենք, տասնյակ հազար մարդիկ կգան դատարանի մոտ, հայտարարում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը ևս մասնակցում էր Երևանում մեկնարկած Սերժ Սարգսյանի գործի դատավարությանը: Գործը, ինչպես հայտնի է, վերաբերում է սուբսիդիոն դիզվառելիքին: Դե ֆակտո, սակայն, մեկնարկած դատավարությունը ունի մի շարք այլ զուգահեռներ, որոնք հիմնականում անցնում են այն համակարգի շերտերով, որը իշխանության ղեկին էր մինչև 2018 թվականի ապրիլ-մայիս: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրությանը ՀՀԿ-ն հավաքեց 59 հազար ձայն, մեկ-երկու հազարով պակաս, որը թույլ կտար կուսակցությանն անցնել խորհրդարան: Ընդ որում, դրանից առաջ ՀՀԿ-ն, լինելով խորհրդարանում փաստացի մեծամասնություն, տապալել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունը:
Դրանով նախատեսվում էր, որ անցողիկ շեմը 5-ի փոխարեն դառնում է 4 տոկոս: Այսինքն՝ ՀՀԿ-ն կանցներ, եթե տապալած չլիներ ԸՕ-ն: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ այդ հարցը թողել էր իրադարձությունների ընթացքին, որևէ անմիջական ջանք չթափելով ԸՕ հրատապ փոփոխության ուղղությամբ: Սակայն առերևույթ իր իսկ ձեռքով անցնելու հնարավորությունը արգելափակած ՀՀԿ-ն, իրականում շատ ավելի լավ էր պատկերացնում իրերի դրությունը, որովհետև 4 տոկոս անցողիկ շեմը ենթադրելու էր նաև բացարձակ համամասնական՝ առանց ռեյտինգայինի ընտրակարգ: Մինչդեռ, ՀՀԿ-ի ուժը ռեյտինգայինն էր, որովհետև բացարձակ համամասնականի պարագայում ՀՀԿ-ն անկարող էր լինելու հավաքել անգամ 59 հազարը: Ինչով է հատկանշական այդ դրվագը:
Բանն այն է, որ ՀՀԿ-ն փաստորեն տասնյակ հազարավոր մարդկանց անկարող եղավ մոբիլիզացնել՝ անգամ քվեախցերի շուրջ, երբ տեղի էր ունենում փակ գաղտնի քվեարկություն, և, օրինակ, ոչ ոք ոչինչ չէր տեսնելու, եթե տասնյակ հազարավոր համակիրները գային ու քվեարկեին ՀՀԿ-ի օգտին՝ փաստի առաջ դնելով Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ն չունի մոբիլիզացիոն ռեսուրս: Մոբիլիզացիոն ռեսուրս ունեն ՀՀԿ-ն ներկայացնող կամ առնչվող առանձին շրջանակներ: Այլ կերպ ասած, չկա հավաքական ռեսուրս, կան անհատականացված ռեսուրսային շրջանակներ: Իսկ դա նշանակում է, որ այդ ռեսուրսների մոբիլիզացիան էլ տեղի է ունենում կամ կարող է տեղի ունենալ խիստ անհատականացված շարժառիթային հիմքով: Իսկ թե ինչպես են ձևավորվում այդ անհատների շարժառիթները՝ իրենց ռեսուրսը որևէ, այսպես ասած, ընդհանուր գործընթացի տրամադրության տակ դնելու առումով, արդեն բոլորովին այլ խոսակցության առարկա է:
Այդ իմաստով, մոբիլիզացիոն ռեսուրսը ՀՀԿ-ի ոչ թե ուժն է, ինչպես փորձ են անում ներկայացնել այդ կառույցի, այսպես ասած, քաղաքական թևի կամ շրջանակի ներկայացուցիչները, այլ թուլությունը: Ընդ որում, այդպես է եղել նաև այն ժամանակ, երբ Հանրապետականը բացարձակ մեծամասնությամբ իշխանություն էր: Դա է նաև պատճառը, որ այդ իշխանությունը, որքան դառնում էր բացարձակ, որքան բացարձակությունը դառնում էր համոզիչ, որքան Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն «խփում էին, որքան ուզում էին», այնքան դառնում էր երերուն, խորանում էին ներքին ճգնաժամերը, ներքին հակասությունները, ներքին պայքարը: Խոշոր հաշվով, այն, ինչ տեղի է ունենում ներկայումս, հենց այդ տրամաբանության մեջ է, պարզապես այլևս իշխանության շրջանակից դուրս: Ներսում, սակայն, շարունակում է գերիշխել նույն «առաջնորդողը», ոչ թե գաղափարը կամ որևէ արժեք, որևէ մշակույթ կամ ենթամշակույթ՝ թեկուզ քրեական, այլ պարզ առևտուր: Պարզապես, եթե նախկինում՝ առևտուր Սերժ Սարգսյանի իշխանության շուրջ, ապա այժմ, ընդամենը, առևտուր Սերժ Սարգսյանի ազատության շուրջ:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի








































