Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում լույս է տեսել Caucasus International պարբերականի առաջին համարը, որի նպատակը Հարավային Կովկասի վերաբերյալ ինտելեկտուալ քննարկումների քարոզչությունն է և միջազգային արենայում այդ քննարկումներին կողմնորոշումը։
Պարբերականի խմբագրակազմի մեջ են մտել միջազգային հարաբերությունների ոլորտի ազդեցիկ անձինք, այն հիմնել է Անկարայի Եվրասիական համայնքը։ Պարբերականը թողարկվելու է յուրաքանչյուր եռամսյակը մեկ՝ անգլերենով։
Առաջին համարը լույս է տեսել հուլիսի 15-ին և ստացել «Հարավկովկասյան տարածաշրջանը միջազգային արենայում. տարածաշրջանային ու միջազգային հեռանկարներ» անվանումը։
Այս համարի հեղինակների թվում են ընդգրկվել նաև STRATFOR վերլուծական կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն և ավագ վերլուծաբան Ջորջ Ֆրիդմանը, Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շեֆերը, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» պարբերականի գլխավոր խմբագիր Ֆեոդոր Լուկյանովը, ինչպես նաև մի շարք վրացի ու ադրբեջանցի փորձագետներ։









































