Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անում համայնքների խոշորացման որոշման դեմ, սակայն ՀՀ կառավարության ծրագրում վարչատարածքային բարեփոխումների և համայնքների միավորման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը կարևորվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գյուղացիները պնդում են, որ միանգամից 7 գյուղ միացնելն ու Արշալույս համայնքի կենտրոն դարձնելն անընդունելի է:
«Արշալույսը մեր գյուղից հեռու է և ավտոճանապարհի հակառակ կողմում է: Այստեղ ապրում են անձինք, ովքեր մեքենա չունեն, ինչպե՞ս են հասնելու խոշորացած համայնքի կենտրոն: Մեր գյուղում մոտ 1 000 տնտեսություն կա»,- նշեց գյուղացիներից մեկը:
Գյուղացիներն այս ակցիան անվանեցին նախազգուշական և որոշեցին դադարեցնել այն մինչև Կառավարության վերջանական որոշում կայացնելը:
«Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված «Վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծերի համաձայն նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման երկու ծրագիր, ինչի արդյունքում կձևավորվեն Տավուշի մարզում Իջևան, Լոռու մարզում Լերմոնտովո բազմաբնակավայր միավորված համայնքները»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
Նա ընդգծեց, որ վարչատարածքային բարեփոխումների և համայնքների միավորման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը կարևորվել է ՀՀ կառավարության ծրագրում: Բարեփոխման արդյունքում ձևավորվելու են ռեսուրսներով ինքնաբավ համայնքներ, ապահովվելու է համաչափ զարգացումը, համայնքի բնակիչներին մատուցվելու են առավել որակյալ և մատչելի ծառայություններ:
«Ինչ վերաբերում է Առատաշենի բողոքի ակցիային, նշեմ, որ Արմավիրի մարզպետին համապատասխան գրությունով խնդրել ենք տեղեկացնել Կառավարության օրենսդրական նախաձեռնության մասին: Սա որոշակիորեն առաջացրել է համայնքի բնակիչների դժգոհությունը, սակայն, միևնույն ժամանակ, նրանց տեղեկացվել է նաև այն գործիքի մասին, որով կարող են հայտնել համայնքների միավորման ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը»,- ասաց Մուրադյանը:
2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Համաձայն այդ օրենքի, եթե Կառավարությունը հանդես է եկել համայնքների միավորման կամ բաժանման մասին օրենսդրական նախաձեռնությամբ, ապա տվյալ համայնքի բնակիչները կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե:
«Հանրաքվեն կարող է անցկացվել, եթե դրան համաձայն է մասնակցել առնվազն բնակչության 20 տոկոսը: Պետք է ընդգծեմ նաև, որ այս գործիքն ունի խորհրդատվական բնույթ, քանի որ Կառավարությունն իր ծրագրում կարևորում է վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովումը»,- ասաց ՀՀ ՏԿԵ մամուլի խոսնակը:









































