Օրերս տեղի է ունեցել 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի մրցույթի արդյունքների ամփոփումը: Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում 11 նախագծերից և որևէ մեկը հավանության չի արժանացել։ Նոր հայտերի ընդունման ժամկետը սահմանվել է մինչև փետրվարի 24-ը։ Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նույնպես մասնակցել է։ Նրա համար տարօրինակ է այն, որ պարզ չէ, թե ովքեր են ընդգրկված ժյուրիի կազմում։
«Շատ կարևոր է, թե ովքեր են նայելու նախագծերը։ Մինչ հիմա միշտ հայտնի էին եղել ժյուրիի անդամները, հիմա մտածում են, որ եթե ժյուրիի անդամներին նախապես իմանանք, կարող է նրանց նկատմամբ գուցե ճնշում լինի։ Բայց կարևոր է քանդակագործին իմանալ, թե ովքեր են նայելու իր նախագիծը։ Գուցե կազմում արվեստագետներից մեկը չի սիրում ինձ, դեմ են ինձ, մյուսը դեմ է մյուս նախագծին»,- ասաց քանդակագործը։
Նա նշեց, որ սկզբում հայտարարվել է, որ պորտրետային ֆիգուրատիվ լուծում չլինի, բայց հիմա արդեն երկրորդ փուլում ավելացրել են՝ պորտրետային լինի, բայց ոչ տասը զոհերի, այլ վերացական։ Սա էլ անհասկանալի է։ Այնուամենայնիվ, Լևոն Թոքմաջյանը մտադիր է երկրորդ փուլին էլ մասնակցել. «Ես կշարունակեմ իմ մասնակցությունը, բայց ինչու են գաղտնի պահում ժյուրիին։ Հավանաբար, ժյուրիի կազմում են գլխավոր ճարտարապետը, տեղակալներ, բայց այսօր, երբ ամեն ինչ շատ բաց է, չեն ասում՝ ովքեր են։ Ես այդ դեպքում ավելի վստահ կլինեմ, երբ իմանամ՝ ովքեր են կազմում։ Հիմա եթե մասնակցեմ, արդյոք նույն ճակատագրին չի արժանանա նախագիծը։ Կարելի է ճարտարապետական քանդակագործական բան ստեղծել, բայց ես չիմանա՞մ՝ ովքեր են նայողները։ Հիմա ասում են՝ թույլ տվեք չասենք»։
Քանդակագործը չժխտեց, որ բարդ է Մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան նախագծել։ Նշեց, որ ներկայացրած նախագծերից մեկով, օրինակ, մի կողմից, նրա բնութագրմամբ, ապստամբներն են, մյուս կողմում՝ ոստիկանությունը, ինչը ճիշտ չէ։ Ըստ նրա՝ պետք է սիմվոլիկա, որ դիպուկ արտահայտի տեղի ունեցածը. «Հիմա ամսի 24-ն է ժամկետը, դե արի մտածի՝ այս կարճ ժամանակում ինչ նոր նախագիծ ներկայացնել։ Ինչու են շտապում, չեմ հասկանում»։
Իսկ թե ինչ գաղափար էր դրել քանդակագործն իր նախագծում, մեկնաբանեց հետևյալ կերպ. Գաղափարը, որ դրել էր, բռնության դեմ էր։ 2008-ին երկու կուսակցությունների միջև տեղի ունեցած բախում էր։ Ըստ նրա՝ պետք է պարզապես վերացվի բռնությունը, լինի արդարություն և ժողովրդավարություն. «Ես արել էի մի ձեռք, վիրավոր, բայց ոչ մեռած, կենդանի ձեռք պայքարող, մի քիչ թուլացած»։
Ի դեպ, քաղաքապետարանը չի հանրայնացրել ներկայացված 11 նախագծերի հեղինակներին՝ համարելով էթիկայի խախտում այն դեպքում, երբ նրանցից որևէ մեկը չի հաղթել մրցույթին։










































