Տորոնտո թռչող Air Canada-ի ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մադրիդի օդանավակայանում՝ վառելիքը սպառելուց հետո, հաղորդում է Pais պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Air Canada ավիաընկերության Մադրիդ-Տորոնտո AK837 չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքը մեկնարկել է Մադրիդի օդանավակայանից 14.55-ին (Երևանի ժամանակով 17.55-ին), բայց օդ բարձրանալու ժամանակ օդանավի շասին վնասվել է: Sepla օդաչուների արհմիությունը հայտնել է, որ շասիի մասերը հայտնվել են շարժիչում: Ինքնաթիռը մի քանի ժամ թռել է ցածր բարձրության վրա՝ վառելիքը սպառելու համար:
Ըստ պարբերականի, ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց միջադեպերի: Փրկարար խմբեր են ուղարկվել թռիչքուղի:
Իսպանական օդանավակայանի օպերատոր AENA-ն Twitter-ում հայտնում է, որ ինքնաթիռի վայրէջքից հետո «մեխանիկները գնահատում են ինքնաթիռի վիճակը՝ ուղևորներին օդանավից դուրս բերելու լավագույն տարբերակը որոշելու համար»: Ինքնաթիռում մոտ 130 մարդ կա:








































