Ուկրաինան պատրաստ է զարգացնել ԱՄՆ-ի հետ գործընկերության նոր ձևերն անվտանգության ոլորտում: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հունվարի 31-ին՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ բանակցություներից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում՝ տեղեկացնում է TASS-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը եղել է, կա և կլինի հանգուցային դաշնակիցն Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության գործում:
Զելենսկին խոսել է ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավման օգտին՝ երկրի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման գործում: «(Մենք) շնորհակալ ենք ձեր անձնական հաստատակամ դիրքորոշման համար Դոնբասում պատերազմի և Ղրիմի ապօրինի անեքսիայի վերաբերյալ»,- հայտարարել է Զելենսկին՝ դիմելով Պոմպեոյին:
«Այսօր ես հույս հայտնեցի, որ ԱՄՆ-ը ավելի ակտիվորեն կներգրավվի Ուկրաինայի արևելքում խաղաղ կարգավորման և Ղրիմի ապաօկուպացման գործընթացներում»,- ավելացրել է Ուկրաինայի նախագահը:
Նա հավելել է, որ Թրամփի պաշտոնազրկման հետ կապված իրադրությունը չի վատացրել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերությունները։









































