Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջին 12 տարվա ընթացքում Հրայր Թովմասյանի անունը ֆիքսել եմ չորս դրվագներում (դաշնակցական պատգամավորի գռեհկաբանությունը չհիշեցնեք, դա ցածրարժեք թեմա է):
Առաջին անգամ նրան հիշում եմ 2008-2010 ժամանակահատվածում, երբ համաժողովրդական շարժման նկատմամբ այն ժամանակվա իշխանությունների իրականացրած տեռորից հետո զուսպ և գրագետ դատապարտում էր իշխանության վարքագիծը, իսկ շատ կարճ ժամանակ անց դարձավ իշխանական թիմի հենասյուներից մեկը: Դա ինձ համար նենգության ու ցինիզմի գերադրական աստիճան էր:
Երկրորդ անգամ նրա անվան հետ առնչվել եմ, երբ ուսումնասիրում էի Ապարանի Մելիքգյուղում շահագործվող Թուխմանուկի հանքավայրի փաստաթղթերը: Պետռեգիստրի փաստաթղերից պարզվեց, որ Հրայր Թովմասյանը այդ հանքավայրը շահագործող “Մեգո Գոլդ” ընկերության հիմնադիրն է, իսկ ընկերության սեփականատերերից են սփյուռքահայ “մեծանուն բարերարներ”, իսկ իրականում ֆինանսական ավանտյուրիստներ՝ այն նույն որակից, որ հիմա էլ ներգրավված են “հայրենիքի” բնական ռեսուրսների ու բնության ոչնչացման հաշֆին ֆոնդային բորսաներում և այլ մեխանիզմներով փող վաստակելու հայրերնանվեր գործին: Ի դեպ, Թուխմանուկի հանքավայրը բնության ու հարակից բնակչության դեմ իրականացված հանցագործության “ուսանելի օրինակ” է, գնացեք, տեսեք: Այս՝ հանքարդյունաբերական բիզնեսի դրվագի վերաբերյալ պարոն Թովմասյանի կենսագրականում ոչ մի տեղ չեմ հանդիպել:
Երրորդ անգամ Հրայր Թովմասյանի հետ գործ ունենալու առիթ եղավ, երբ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանի հետ ուսումնասիրում էինք Որոտանի հիդրոկասկադի վաճառքի գործընթացը: Ինձ հատկապես հուզում էր Սյունիքի չորս խոշոր ջրամբարների հարցը, որոնք ընկերության հետ միասին՝ որպես սեփականություն տրվել էին էին ինչ-որ օֆշորային կազմակերպության, մինչդեռ օրենքով ուղղակիորեն արգելված էր այդ ջրամբարների օտարումը: Պատգամավորի հարցմանն ի պատասխան, այդ ժամանակ արդեն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բառացիորեն գրել էր՝ «Որոտանի հիդրոկասկադ ՓԲԸ-ին Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի և Շամբի ջրամբարները Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 29.09.1961թ. թիվ 639, 29.09.1962թ. թիվ 181 և 20.01.1971թ. թիվ 25 որոշումների համաձայն հանդիսացել են «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ սեփականությունը»: Հասկանու՞ եք՝ Խորհրդային տարիներին այդ ջրամբարները հանդիսացել են փակ բաժնետիրական ընկերության ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Շատ չխոսեմ՝ երկար պայքարից հետո, ի վերջո հաջողվեց ջրամբարները պահպանել որպես պետական սեփականություն, որոնք միայն վարձակալական հիմունքներով տրամադրվեցին օֆշորային ընկերությանը, բայց այս գործարքը հիմա էլ մանրամասն ուսումնասիրման կարիք ունի:
Մի խոսքով՝ գավառական մանրախնդիր բանսարկությունների, ընտանիքի անդամներին այդ ամենի մեջ խառնելու անթույլատրելի ցածր քայլերի փոխարեն ուղղակի պետք է իրական խնդիրները վեր հանել: Հասկանալի է, որ գործող քաղաքական ուժը չունի որակյալ մակարդակի օպերատիվ հիշողություն, քանի որ նախկինում զբաղվել է շատ նեղ շրջանակի խնդիրներով, իսկ իր շուրջը կուտակված կոմպետենտ բանսարկուները իրենց երբեք իրական խնդիրների մասին չեն հուշի: Այդ ցածրաճաշակ քծնանք-մծնանքն էլ թողեք, Փաշինյանը խնդիրներ ունենում է միայն նրանց հետ, ովքեր հրաժարվում են նրան քծնել, ոչ թե հակառակը:
Եվ վերջում ասեմ, որ իմ կարծիքով սահմանադրական դատարանի հարցը առաջնահերթ քաղաքական հարց է, և ոչ թե դատաիրավական համակարգի խնդիր, ինչպես փորձում են ներկայացնել ՍԴ ներկայիս նախագահն ու նրա շրջապատը: Քաղաքական համակարգի փոփոխությամբ, այս հարցը ևս վաղուց արդեն պետք է լուծված լիներ, ինչպես, օրինակ՝ Երևանի ավագանու հարցը, որն այս տրամաբանությամբ ևս իշխանությունների տարանջատման կոնցեպտի մաս էր և օժտված էր անմիջական մանդատով:










































