Աֆղանստանում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Դևիդ Պետրեուսն այսօր հանձնում է իր պաշտոնը գեներալ Ջոն Ալենին: Պետրեուսը, որը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերը գլխավորում է 2010 թվից, այս տարվա հունիսին նշանակվել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պետրեուսի օրոք է, որ ՆԱՏՕ-ի զորքերը «Թալիբան» և «Ալ-Քաիդա» խմբավորումների դեմ իրականացրել են մի շարք խոշոր օպերացիաներ Աֆղանստանի հարավում, որի հետևանքով նրանց հաջողվել է գրոհայիններին դուրս մղել մի շարք կարևոր շրջաններից: Սակայն միաժամանակ ակտիվացել են նաև գրոհայինները, որոնք բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունների շարք են իրականացրել, այդ թվում` Աֆղանստանի նախագահի եղբոր և նրա ավագ խորհրդականի:







































