Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին անգամ Թուրքիայում իրականացվել է ահաբեկչական հռչակված և արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործունեությանն առնչվող ակադեմիական հետազոտություն, որն օրեր առաջ սպանեց 13 թուրք զինծառայողի։
Այս հետազոտությունը տևել է շուրջ տարի, և նրա համար հիմք են հանդիսացել 461 PKK-ականների տվյալները։ Նախկին Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղի հովանավորությամբ պատրաստված զեկույցում նշված է, որ լեռներում բազավորված PKK-ին միացող ահաբեկիչները դրանից հետո միջինում ապրում են 7.2 տարի։ Ընդ որում, տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշը կազմում է 6.9 տարի, իսկ կանանց դեպքում՝ 9.5 տարի։ PKK-ականները միջինում մահանում են 26.3 տարեկան հասակում։
Նշվում է, որ ապագա PKK-ականները լեռներն են բարձրանում 15-17 տարեկան հասակում։ 15 տարեկանում հիմնականում միանում են նրանք, ում ավագ եղբորը կամ քրոջը սպանած են լինում։ Իսկ 17 տարեկանում PKK-ին հիմնականում միանում են քարոզչական աշխատանքների արդյունքում նրա ազդեցության տակ ընկածները։ Օրինակ, PKK-ն քրդերի ցույցերի ժամանակ քար նետող 13 տարեկան երեխաներին դիտարկում է որպես իր ապագա կադր։
Հետազոտության համաձայն՝ PKK-ի անդամների 61 տոկոսը ներկայացնում են Թուրքիան, իսկ 39 տոկոսը՝ արտասահմանյան երկրները։ Թուրքիայի նահանգների թվում ամենամեծ ներկայացուցչությունն (20 տոկոս) ունի Ստամբուլի նահանգը, ապա գալիս են Դիարբեքիրի (17 տոկոս), Մարդինի (12 տոկոս) և Հաքքարիի (9 տոկոս) նահանգները։ Արտերկրից դեպի Թուրքիա PKK-ականները հիմնականում ներթափանցում են Իրաքից, Իրանից ու Սիրիայից։
Հետազոտության վերջում նշված է, որ լեռներում թաքնվող PKK-ականների քանակը կազմել է 5000 մարդ, որոնց 11 տոկոսը կազմել են կանայք։
Հիշեցնենք, որ PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում։
PKK-ի ընդլայնված զինված պայքարը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին, ինչի արդյունքում երկու կողմից զոհվել է 40-45,000 մարդ:










































