Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ԲՏ/ 7-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: «Նեյշնլ Ինսթրումնեթս», «Մայքրոսոֆթ», «Դ-Լինկ», «Յուքոմ», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, «Յունիքոմփ», «Ռեդինետ», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս» և մի շարք այլ կազմակերպություններ արդեն իսկ հայտնել են իրենց ակտիվ մասնակցության մասին:
ԻՏՁՄ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ցուցահանդեսին կից կանցկացվեն The World of Engineering՝ ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն, ՏՏ աշխատանքային շուկա՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատելու ցանկություն ունեցողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, թողնել իրենց ինքնակենսագրականները, DigiTec Startup հատված՝ ցուցադրվում են նորաստեղծ ընկերություններ և նորարարական լուծումներ, Open Game Contest՝ «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն, ArmRobotics՝ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն:
«Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
2010 թվականին ցուցահանդեսն ունեցավ 68 մասնակից ընկերություն և մոտ 15,000 այցելու: Այս տարի ակնկալվում է 100 ընկերության մասնակցություն և 20,000 այցելություն:









































