Յարոսլավլում քննիչները շարունակում են հայ ընտանիքին պատկանող քոթեջի վրա հարձակման գործի հետաքննությունը: Անցած շաբաթ 4 կասկածյալների առաջադրվել են վերջնական մեղադրանքներ: Այս մասին հաղորդում է Комсомольская правда-ն:
Այս տարվա հունիսի 4-ին Յարոսլավլի մարզի Նորսկոյե ավանում 4 երիտասարդ մուտք են գործել շինրարության փուլում գտնվող քոթեջ, որը պատկանել է մի հայաստանցու, և ծեծկռտուք են սարքել հրազենի կիրառմամբ: Նշվում է, որ ոստիկանության ճիշտ ժամանակին տեղ հասնելու շնորհիվ հաջողվել է խուսափել ողբերգությունից, քանի որ այդ պահին բախման վայրում են եղել ամեն կողմից 10-ական մարդ: Կռվի մասնակիցներից առգրավվել է զենք և զինամթերք:
Ոստիկանները պարզել են, որ ռուսների և հայերի միջև կռիվը ծագել է փոքր առիթից: Ռուսները, որոնք մեքենայով անցնելիս են եղել քոթեջի կողքով, ընկել են մի մեծ փոսի մեջ, որը, մեքենայի ուղևորների կարծիքով, հայերի ձեռքի գործն է եղել: Ուղևորները փոսն ընկնելիս վնասվածքներ են ստացել, ինչը կռվի առիթ է հանդիսացել:
Դատապարտյալների աթոռին կհայտնվի 4 ռուս, որոնցից երկուսը գտնվում են կալանքի տակ:








































