Երեկ Եգիպտոսի վարչապետ Իսամ Շարաֆը որոշում է կայացրել պաշտոնանկ անել 12 նախարարների և նշանակել նորերին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Զանգվածային պաշտոնանկությունները և նախարարների փոխարինումը պայմանավորված էր հասարակական կարծիքի ճնշմամբ: Հուլիսի սկզբից Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնք պահանջում են իշխանությունից հեռացնել նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչներին, իսկ պաշտոնանկ արված նախարարներն այս կամ այն կերպ կապված են եղել Մուբարաքի իշխանության հետ:
Նորանշանակ նախարարների մեծ մասը երիտասարդ են և գրեթե առնչություն չեն ունեցել նախկին ռեժիմի հետ: Պաշտոնանկ արված նշանակալի ֆիգուրներից էին արտաքին գործերի նախարար Մուհամադ Ալ-Արաբին, որն աչքի էր ընկնում իր հակաիսրայելական դիրքորոշմամբ, ինչպես նաև աշխարհահռչակ հնագետ Զահի Հաուասը, որը գլխավորում էր հնությունների հարցերով նախարարությունը:
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար է նշանակվել Մուհամադ Քամիլը, որն արդեն մեկ անգամ Հոսնի Մուբարաքի օրոք գլխավորել է արտաքին գործոց նախարարությունը: Քամիլի նշանակումը նույնպես ցուցարարների պահանջն է եղել:








































