Այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Գերմանիա: Այցելության ժամանակ նա նախատեսել է ռուս-գերմանական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ քննարկումներ անցկացնել ամենաբարձր մակարդակով: Նախատեսված են նաև հանդիպումներ գործարարների հետ, ինչպես նաև մասնակցություն «Պետերբուրգյան երկխոսություն» քաղաքացիական համաժողովին:
Սակայն այս այցն այնքանով է հետաքրքիր, որ անցնում է Ռուսաստանի վարչապետի անվան հետ Գերմանիայում ծագած սկանդալի ֆոնին: Բանն այն է, որ գերմանական «Կվադրիգա» հեղինակավոր մրցանակը երկու շաբաթ առաջ շնորհվել էր Վլադիմիր Պուտինին, որից հետո մեկը մյուսի հետևից մրցանակի հոգաբարձուների խորհուրդը սկսել են լքել հայտնի հասարակական քաղաքական գործիչներ՝ բողոքելով այդ որոշման դեմ: Ի վերջո, երեկ հայտնի է դարձել, որ մրցանակը Պուտինին չի շնորհվելու, ինչն առաջացրել է ռուսաստանյան իշխանությունների բուռն արձագանքը:
Հայտնի չէ՝ արդյո՞ք այս թեման կշոշափվի Մեդվեդևի այցելության ժամանակ, և ի՞նչ արձագանք կտա ՌԴ նախագահը դրան: