Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը Global Fire Power-ի (GFP) ռազմական պոտենցիալի վարկանիշային աղյուսակում ընդգրկված 55 երկրներից զբաղեցրել է 50-րդ տեղը։
Առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ը, ապա գալիս են Ռուսաստանը և Չինաստանը։ Փորձագետները նշում են, որ անգամ ներկայումս Չինաստանին կարելի է համարձակորեն դնել երկրորդ տեղում և սարերի հետևում չէ այն օրը, երբ Չինաստանը կդառնա առաջատար։
2011 թվականի վարկանիշային աղյուսակում հայտնվել են մի շարք նոր երկրներ՝ Եթովպիան, Շվեյցարիան, Բելգիան, Եմենը, Հորդանանը, Ալժիրը, Քաթարը, Պորտուգալիան, Ֆինլանդիան, Մալայզիան ու Սինգապուրը։
GFP-ի վարկանիշը կազմելիս հաշվի է առնվում երկրի ռազմական պոտենցիալի 45 չափանիշ։ Վարկանիշը հենվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական հաշվետվությունների, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տվյալների, ինչպես նաև բաց ռազմական հրապարակումների ու վիճակագրական հաշվետվությունների վրա։
Ցանկում ընդգրկված 55 երկրները բաժանվում են չափանիշների 5 խմբի. բանակի թվակազմ, ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերի սպառազինության քանակ և ֆինանսավորման ծավալ։ Սակայն երկրի միջուկային պոտենցիալը հաշվի չի առնվում։
Առաջին տեղը զբաղեցնելուն ԱՄՆ-ին նպաստել է նրա բանակի թվակազմը՝ 1.5 միլիոն մարդ, ցամաքային զորքերի տեխնիկայի ընդհանուր քանակը՝ 56,300 միավոր, ռազմաօդային զորքերի տեխնիկայի ընդհանուր քանակը՝ 18,200 միավոր, ռազմածովային զորքերի տեխնիկայի ընդհանուր քանակը՝ 2,400 միավոր, ինչպես նաև ֆինանսավորման ծավալը՝ 692 միլիարդ դոլար։
Ցամաքային զորքերի տեխնիկայի ցուցանիշով (91,700 միավոր) Ռուսաստանը գրեթե կրկնակի անգամ գերազանցում ԱՄՆ-ին, սակայն մյուս չափանիշներով զիջում է ԱՄՆ-ին. բանակի թվակազմ՝ 1.2 միլիոն մարդ, ռազմաօդային ուժերի տեխնիկա՝ 2,700 միավոր, ռազմածովային ուժերի տեխնիկա՝ 233 միավոր, ռազմական բյուջե՝ 56 միլիարդ դոլար։
Իր բանակի քանակով Չինաստանն առաջինն է՝ 2.3 միլիոն մարդ, նրա ռազմական բյուջեն նույնպես տպավորիչ է՝ 100 միլիարդ դոլար։ Չինաստանի ցամաքային զորքերի տեխնիկան կազմում է 22,800 միավոր, ռազմաօդային ուժերինը՝ 4,000 միավոր, ռազմածովային ուժերինը՝ 562 միավոր։
Հետխորհրդային երկրներից, Ռուսաստանից բացի, ցանկում ընդգրկվել են նաև Ուկրաինան՝ 20-րդ տեղ և Վրաստանը՝ 50-րդ տեղ։ Ուկրաինայի բանակը կազմում է 159,000 մարդ, ցամաքային զորքերի ռազմական տեխնիկան՝ 20,780 միավոր, ռազմաօդային ուժերինը՝ 1,000 միավոր, ռազմածովայինը՝ 70 միավոր, ֆինանսավորման ընդհանուր ծավալը՝ 1.2 միլիարդ դոլար։
Վրաստանի ցուցանիշներն ավելի համեստ են. բանակի թվակազմը՝ 37,000 մարդ, ցամաքային զորքերի տեխնիկան՝ 3,600 միավոր, ռազմաօդային ուժերինը՝ 654 միավոր, ռազմածովային ուժերինը՝ 9 միավոր, ֆինանսավորման ընդհանուր ծավալը՝ մոտ 500 միլիոն դոլար։









































