Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սակավաթիվ մարդկանցով հանրահավաք, ապա երթ անցկացրեց:
Հանրապետության հրապարակում Եվրամիության և Հայաստանի դրոշները ծածանեցին, ապա հիմնը երգեցին: Պարույր Հայրիկյանն իր ելույթում նշեց, թե ինչու են իրենք հանրահավաք անցկացնում Հանրապետության հրապարակում. «Պարզվեց, որ «Ժառանգությունը» իբրև թե հանրահավաք ունի և ամբողջովին զբաղեցրել է Ազատության հրապարակը, մենք էլ հոգնեցինք իրենց հետ հակադրվելուց կամ իրենց հետ ինչ-որ բան ճշտելուց»:
Նրա խոսքով՝ «հայերը» ինչքան ստրկության պայմանագրեր կան, դրանք ժամանակից շուտ են ընդունել: «Հայաստանը բռնազավթած Ռուսաստանը դեռևս 1921թվականին պայմանագիր էր կնքել Թուրքիայի հետ. Ցեղասպանությունն արեցիք՝ լավ է, Արևմտյան Հայաստանում արեցիք՝ քիչ է, տալիս ենք նաև Կարսն ու Արդահանը, եթե էլի է քիչ, Նախիջևանն ու Արցախն էլ ենք տալիս ձեզ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա հավելեց, որ բոլշևիկյան 70 տարիներին Ցեղասպանության մասին խոսողները հետապնդվում էին, իսկ հետո եկան անկախ Հայաստանի բոլշևիկյան դրածոները. «Լևոն Տեր-Պետրոսյան… մարդ, որը անկախությանը դեմ էր՝ որպես բոլշևիկի ծնունդ, բոլշևիկի ժառանգ և բոլշևիզմին հավատարիմ մարդ, Ռոբերտ Քոչարյան, որ բոլշևիկ էր իր ողջ էությամբ, և որը Հայաստանի ունեցվածը Ռուսաստանին հանձնելը համարեց իր կարևորագույն պարտավորությունը, միայն թե իրեն թույլ տան հարստանալ, և Սերժ Սարգսյան, որը ուզում է գործը մինչև վերջ տանել»:
Պատմաբան Ռաֆայել Համբարձումյանն էլ նշեց, որ մեր ազգի մեծագույն թշնամին եղել և մնացել է ռուս կայսրությունը. քանի մենք դեռ չենք ազատագրվել այս կայսրության էությունից՝ հայ ազգ գոյություն չունի:
Պարույր Հայրիկյանը նաև նշեց, որ իր անցած ճանապարհը իրեն պարտավորեցնում է մինչև վերջին շունչը պայքարել հայ քաղաքացու արժանապատվության համար։ «Նրանք, ովքեր տեղյակ են և չեն մասնակցել մեր միջոցառմանը, իրենք լաքեյների սպասավորներ են»,-հայտարարեց նա:
Տերունական աղոթք հնչեցրին: Ապա Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձը ընթերցեցին և երթ իրականացրին Հանրապետության հրապարակից մինչև Բաղրամյան 26:







































