ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան «ուղղակի սպառնալիք» է ԱՄՆ-ի համար: Օբաման այս հայտարարությունն արել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ բանակցությունների արդյունքում՝ Սեուլում, որտեղ նա գտնվում է երկօրյա պաշտոնական այցով: Այս մասին հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը:
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Փխենյանի սադրիչ վարքը նրան կտանի դեպի ավելի մեծ մեկուսացման:
Իր հերթին Պակ Կին Հենը հայտարարել է, որ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը անհրաժեշտ ամեն բան կանեն Հյուսիսային Կորեայի կողմից «սադրանքները» զսպելու համար: «Հյուսիսային Կորեան պատրաստ է ցանկացած պահի թվով չորրորդ միջուկային փորձարկումը իրականացնել»,- ասել է Հարավային Կորեայի նախագահը:
Պակ Կին Հենը նաև նշել է, որ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը պայմանավորվել են համատեղելի դարձնել իրենց հակահրթիռային պաշտպանության համակարգերը:










































