ԵԽԽՎ-ի նախընտրական մոնիտորինգային առաքելությունը Կիև կժամանի ապրիլի 29-ին՝ գնահատելու մայիսի 25-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների նախապատրաստությունները: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Պատվիրակության կազմում ներառված է 7 մարդ՝ մեկական ներկայացուցիչ վեհաժողովի հիմնական 5 քաղաքական խմբերից, ինչպես նաև Ուկրաինայի վերաբերյալ ԵԽԽՎ երկու համազեկուցողներ Մարիետա դե Պուրբե-Լունդինը (Շվեդիա) և Մաիլիս Ռեպսը (Էստոնիա): Մոնիտորինգային խումբը գլխավորում է շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գրոսը:
Պատվիրակությունն այցի ժամանակ կհանդիպի Գերագույն ռադայի խոսնակի, վարչապետի, արտգործնախարարի, ներքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուների հետ:
Առաքելությունն իր այցը կավարտի ապրիլի 30-ին: Ընտրությունների ընթացքին հետևելու համար Ուկրաինա կուղարկվի 52 հոգանոց ԵԽԽՎ դիտորդական այլ խումբ:









































