Էկվադորի իշխանությունները երկրից արտաքսում են Պենտագոնի բոլոր աշխատակիցներին, որոնք աշխատում են Կիտոյում ԱՄՆ դեսպանատանը, հայտնում է ամերիկյան Associated Press գործակալությունը:
Էկվադորում ԱՄՆ դեսպանության մամլո քարտուղար Ջեֆրի Ուեյնշենքերը գործակալությանն ասել է, որ ապրիլի 7-ին այդ 20 աշխատակիցները ծանուցում են ստացել, որ Էկվադորում իրենց գործունեությունը դադարում է: Ամերիկացիները պետք է երկիրը լքեն մինչև ապրիլի վերջ:
Դեսպանության արտաքսվող աշխատակիցների թվում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքացիական ծառայողներ:
Այս տարվա սկզբին Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել էր, որ երկրում չափազանց շատ ամերիկացի զինվորական կա՝ 50 հոգի: Նա նշել է, որ նրանցից ոմանք շուտով ստիպված կլինեն լքել երկիրը:









































