Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը համացանցի և ԿՀՎ-ի մասին վտանգել է համաշխարհային ցանցի միասնությունը, գրում է The Guardian-ը: Ավելի վաղ նախագահն ասել էր, որ համացանցը ստեղծվել է որպես ԱՄՆ ԿՀՎ-ի հատուկ նախագիծ և շարունակում է զարգանալ որպես այդպիսին:
Թերթի կարծիքով՝ Պուտինը շարունակել է գաղափարը, որը Գերմանիայում, Բրազիլիայում և մի շարք այլ երկրներում առավել տարածում է գտել Ազգային անվտանգության գործակալության՝ համացանցի օգտատերերին հետևելու վերաբերյալ ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո: Թերթը ենթադրում է, որ բացառված չէ, որ Ռուսաստանում սեփական ինտերնետ-համակարգ ստեղծվի, որը ՌԴ հատուկ ծառայությունների համար կհեշտացնի «թրաֆիքի մոնիթորինգը և վերահսկողությունը»:
Ըստ պարբերականի՝ Պուտինի հայտարարությունը «կարող է հանգեցնել ամենալուրջ մարտահրավերի համաշխարհային ցանցի համար»: Թերթը նաև ուշադրություն է դարձնում ռուսական Vkontakte սոցիալական ցանցի շուրջ իրադարձություններին և Պուտինի խոսքերին, որ ազգային խոշոր ինտերնետ-ռեսուրսների սերվերները պետք է տեղակայել Ռուսաստանի տարածքում:










































