ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նոր տարվա սկզբին կայցելի Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան և Կիպրոս: Այդ մասին նա դեկտեմբերի 30-ին հայտնել է Twitter-ում՝ տեղեկացնում է TASS-ը:
«Ուրախ եմ գալիք տարում այցելելու Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան և Կիպրոս, որպեսզի հանդիպեմ գործընկերների հետ և հավաստեմ ԱՄՆ-ի գերակայությունները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում»,- գրել է Պոմպեոն:
Ինչպես նշվում է Պետդեպարտամենտի մամուլի տեղեկագրում, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Կիև կայցելի հունվարի 3-ին, նախատեսված են նրա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոյի և պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկի հետ:
Հունվարի 4-ին Պոմպեոն կժամանի Մինսկ, որտեղ հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ: Պետդեպարտամենտը հրապարակված հայտարարության մեջ վերստին ընդգծել է «երկկողմ հարաբերությունները նորմալացնելու» ԱՄՆ-ի ձգտումը:
Հունվարի 5-ին Պոմպեոն կուղևորվի Նուր Սուլթան, որտեղ նրան կընդունի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ինչպես նաև հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Հունվարի 5-6-ին Պոմպեոն կգտնվի Տաշքենդում, իսկ հունվարի 7-ին կմեկնի Կիպրոս՝ բանակցելու հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի և ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ: