Կիբերանվտանգության մասնագետ Իբրահիմ Բալիչը ընտրության եղանակով բացահայտել է Twitter-ի 17 միլիոն օգտատերերի բջջային հեռախոսահամարները: Ըստ TechCrunch-ի՝ հանրահայտ սոցցանցի օգտատերերի անձնական տվյալները վտանգելուն նրան օգնել է Android համակարգում առկա խոցելիությունը:
Բալիչը կարողացել է պարզել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի, Թուրքիայի, Իրանի, Հունաստանի և Հայաստանի բնակիչների հեռախոսահամարները և համապատասխան օգտահաշիվները: Երկու ամսվա ընթացքում փորձագետը հեռախոսահամարի օգնությամբ գտել է իսրայելցի բարձրաստիճան քաղաքական գործչի պրոֆիլը: Նա դադարեցրել է աշխատանքը միայն դեկտեմբերի 20-ին, քանի որ Twitter-ը արգելափակել է նրա հետագա փորձերը:
Twitter-ի ներկայացուցիչը լրատվամիջոցին ասել է, որ ընկերությունը աշխատանքներ է տանում սխալը շտկելու ուղղությամբ: «Մենք դադարեցրել ենք այն օգտահաշիվները, որոնք օգտագործվել են մարդկանց անձնական տվյալների հասանելիության համար: Twitter-ի օգտատերերի անձնական կյանքի գաղտնիության և անվտանգության ապահովումը մեր հիմնական խնդիրն է»,- վստահեցրել է սոցցանցի մամլո ծառայությունը: