Այսօրվա երթը ոչ միայն ոգեկոչման ու ճանաչման երթ է, այլև պահանջատիրության ու հատուցման երթ: Այս մասին այսօր՝ Հայոց ցեղասպանության նախօրեին, ավանդական դարձած ջահերով երթի ժամանակ ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:
«Մենք պահանջատեր ենք, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողաման միությունն ու երիտասարդական կազմակերպությունը ամեն տարի այս երթը կազմակերպում են, որը ոչ միայն նպատակ ունի ոգեկոչելու Եղեռնի զոհերի հիշատակը, այլև Թուրքիային ու ողջ աշխարհին ցույց տալու, որ մենք պահանջատեր ենք և պահանջում ենք հատուցում»,-ասաց նա:
Անդրադառնալով Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին, Վարդանյանն ընդգծեց. «Ցեղասպանություն՝ չի նշանակում միայն մարդկանց ինչ-որ մի հատվածի բռնի ոչնչացում: Ցեղասպանություն է նաև մարդկանց իրենց բուն տարածքից բռնությամբ դուրս հանելը: Իսկ Թուրքիայի միջամտությունն այդ խնդրում ակնհայտ է: Բոլոր հիմնական լրատվամիջոցներն ու վերլուծաբաններն էլ նշում են Թուրքիայի միջամտությունը Քեսաբի դեպքերին: Ակնհայտ է, որ հենց Թուրքիայի տարածքից են մուտք գործել զինված ապստամբները: Քեսաբի հայերի նկատմամբ բռնի գործողություններն առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում: Նման իրադարձություններ եղել են 1909 թվականին, 1915 թվականին և սա երրորդ դեպքն է, որով փորձում են Քեսաբահայերին տեղահան անել: Քեսաբը բուն հայկական տարածք է, Կիլիկյան Հայաստանի վերջին մնացորդը, որտեղ ապրում էր հայ բնակչություն»:
Այն դիտարկմանը, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար նախ պետք է կայուն ու ամուր, զարգացած Հայաստան ունենալ, դաշնակցական երիտասարդն ասաց. «Մենք վճռական ենք տրամադրված: Ես այսօր չէի ցանկանա անդրադառնալ քաղաքական հարցերին, բայց կարող եմ ասել, որ Դաշնակցությունը ունի ապագա Հայաստանի տեսլականը, մոտեցումներն ու պատկերացումները և վստահ է, որ մենք դուրս ենք բերելու երկիրն այս իրավիճակից: Մեզ պետք է միայն, որ ժողովուրդը, հասարակությունը վստահի մեզ»,- հավելեց նա:
Հարցին, թե Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբան Դողու Փերինչեքին Եվրոպական դատարանն արդարացրեց, արդյոք դա չի խոսում հայկական դիրքերի թուլացման մասին, նա պատասխանեց. «Սա ուղղակիորեն կապված է հայ-թուրքական արձանագրությունների հետ: Այդ չարաբաստիկ արձանագրությունները ևս մեկ խնդիր են մեզ համար: Հայաստանի նախագահը պետք է գիտակցի և օր առաջ հետ վերցնի Հայաստանի ստորագրությունն այդ արձանագրություններից: Որովհետև եթե կային պետություններ, որոնք քաղաքական խնդիրներ չունեին, այլ զուտ բարոյական հիմքի վրա պատրաստ էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այսօր այդ արձանագրությունների պատճառով չեն ճանաչում: Այսօրվա երթի ընթացքում մենք բաց նամակ ենք կարդալու, որպեսզի Սերժ Սարգսյանը հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից»:









































