«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, փորձագետ, ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության նախկին վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
– Պարոն Դուբնով, հայաստանյան ներքաղաքական կյանքը բավականին կտրուկ փոփոխությունների փուլում է: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, վարչապետի պաշտոնում նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Ավելի վաղ ռուսաստանցի քաղաքական վերլուծաբանները պնդում էին, որ նախկին վարչապետը չունի Կրեմլի համակրանքը, իսկ ի՞նչ կասեք Հովիկ Աբրահամյանի մասին:
– Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ունի որոշակի կապեր Մոսկվայի հետ, Կրեմլն ամեն դեպքում չունի առարկություններ նրա անձի հետ կապված, և ես կարծում եմ, որ նա փոխընդունելի թեկնածու էր, այդ որոշման մեջ Ռուսաստանը ևս իր մասնակցությունն ունեցել է:
– Դուք Ձեր հարցազրույցներից մեկում պնդեցիք, որ Կրեմլը երկարաժամկետ ծրագրեր չի գծում Հայաստանում, չի նայում առաջ ավելի, քան երկու տարի: Ձեզ համար արդեն տեսանելի՞ են հայաստանյան ներքաղաքական կյանքի և ՀՀ-ում հաջորդ ընտրական փուլի վերաբերյալ ռուսական ծրագրերը: Այդ ծրագրերում ի՞նչ տեղ կարող է ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով շարունակում է իր ակտիվությունը հարցազրույցների և քննադատությունների տեսքով:
– Բավականին բարդ է գնահատել այն, թե Կրեմլը կաջակցի՞ ապագայում Քոչարյանին, թե՞ ոչ: Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում դեռ որևէ մեկը չգիտի, թե Քոչարյանի հետ կապված ինչ ծրագրեր կան, և ինքը Քոչարյանն ինչ ծրագրեր ունի: Նա, իմ համոզմամբ, ակտիվություն ցուցաբերում է նրա համար, որպեսզի մենք բոլորս քննարկենք այդ հնարավորությունը: Բայց, կարծում եմ, դրա ետևում սրանից ավել ոչինչ չկա: Ես այդքան էլ չեմ հավատում նրան, որ Մոսկվան Քոչարյանին դիտարկում է որպես Սարգսյանին իրական այլընտրանք: Ես ընդհանրապես չեմ կարծում, թե Մոսկվան լրջորեն մտածում է Սարգսյանին փոխելու մասին: Սա այն ժամանակը չէ, երբ կարելի է փոխել ֆիգուր, ում հետ կառուցվել են հարաբերություններ, հատկապես Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության և ՄՄ-ի կայացման նախապատրաստական աշխատանքների փուլում: Այս գործին Սարգսյանը բավականին ամուր է կառչած: Բայց ես կարծում եմ, որ Մոսկվան հաշվի է առնում Քոչարյանի գործոնը բոլոր դեպքերում, քանի որ ցանկացած խաղացող պետք է դիտարկի այլընտրանքներ, անսպասելի իրավիճակներ: Ուստի, իմ կարծիքով, նա հաշվիներից դուրս չէ, բայց դեռ ոչ ավելին:
– Հայաստանյան քաղաքական դաշտն արդեն նախապատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին, որին Սերժ Սարգսյանն այլևս չի կարող մասնակցել: Ռուսաստանն ունի՞ ընդունելի ծրագիր կամ քաղաքական դասավորություն:
– Մեկ տարուց ավելի է անցել ՀՀ-ում կայացած ընտրություններից, դրանք համարյա թե նոր են եղել: Սարգսյանի պաշտոնավարման փուլը դեռ առջևում է: Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանին այլևս պետք է դիտարկել որպես կաղացող բադի: Առջևում երեք տարիներ են, և այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել բոլոր հարաբերություններում` հատկապես հաշվի առնելով ուկրաինական կոնտեքստը, Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս հարաբերությունները: Ես կարծում եմ, որ Հայաստանի վրա կան հույսեր, որ Հայաստանը բավականին նվիրված կերպով կշարժվի ռուսական քաղաքականության ուղով: Ելնելով սրանից` Հայաստանի հետ հարաբերությունները կկառուցվեն առաջիկա երեք տարիների համար, և ես կարծում եմ, որ Սարգսյանը առաջիկա տարիներին իր այդ գործառույթը լավ կիրականացնի, իսկ դրանից հեռու դեռ ոչ մեկը չի նայում: Դեռ վաղ է խոսել հետոյի մասին, իսկ Սարգսյանից հետո ընտրություններին մասնակցելուն ոչ մեկը չի պատրաստվում` բացի Քոչարյանից, ով ամեն ինչ անում է, որպեսզի այդ ընտրությունները կայանան ավելի շուտ:
– Հովիկ Աբրահամյանն ունի՞ այն ներուժը, որպեսզի դառնա թեկնածու, այսինքն՝ սկսի առանձին քաղաքականություն, միգուցե նաև ճանապարհ հարթի Քոչարյանի համար:
– Եթե ընտրությունները լինեին մեկ շաբաթից կամ մեկ տարուց, ես կասեի` այո, բայց չգիտեմ, թե ինչ կպատահի երեք տարի անց, և էլ ինչ ֆիգուրներ կհայտնվեն դաշտում: Ով կլինի ընդդիմության ղեկին, ով կպայմանավորվի ընդդիմության հետ: Հարցերը շատ են, ուստի Հովիկ Աբրահամյանը հիմա տեխնիկապես փոխընդունելի թեկնածու է: Հիմա ասել, թե երեք տարի անց ինչ քաղաքական դասավորվածություն կարող է լինել` բարդ է:
– Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ասել էր, որ հնարավոր է՝ Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, ապա հստակեցրել էր, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրումը, և իր մեղքով է սխալ տեղեկություն տարածվել: Ըստ Ձեզ, ի՞նչ ծրագրեր են փոխվել:
– Իմ կարծիքով՝ բոլոր քարտերը խառնվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակով: Արդեն կա Լուկաշենկոյի հայտարարությունը, որը ասում է, թե փոխել է իր դիրքորոշումը, այսինքն՝ դա դեռ վերջնական չէ, այլ բանակցային հայտ է, ուստի, իմ կարծիքով, դրանից մեկ շաբաթ առաջ իրավիճակը փոխվել է փոքր-ինչ: Ես կարծում եմ, որ Ավանեսյանի հայտարարությունը միտված է նոր հանգամանքներին ադապտացվելուն: Կարծում եմ, որ այն Մոսկվայի հետ համաձայնեցված է:









































