Բրազիլիայի իշխանությունները մտադիր են Իսրայելում իրենց դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Բրազիլիայի նախագահի որդու հայտարարությունը:
«Ինչպես հայրս ասել է, այս խոստումը ուժի մեջ է: Նա դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ: Սա տրամաբանական և նորմալ քայլ է: Մենք ուզում ենք տեղափոխվել Երուսաղեմ, որպեսզի օրինակ ծառայենք Լատինական Ամերիկայի համար», – նշել է Բոլսոնարուն:
Հիշեցնենք, որ Ժաիր Բոլսոնարուն նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ, բայց ավելի ուշ հրաժարվել այդ մտադրությունից:
Իսկ 2017թ-ի վերջին ԱՄՆ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք և հրամայել ամերիկյան դեսպանատունը տեղափոխել այնտեղ: