Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը աջակցության համար դիմել է իր ամերիկացի գործընկերոջը: Նա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին կոչ է արել ազդել Կիևի վրա՝ կանխելու համար արյունահեղությունն Ուկրաինայի հարավ-արևելքում՝ հայտնում է INTERFAX-ը:
Այս խնդրանքը Լավրովը Քերիին ուղղել է ապրիլի 21-ի հեռախոսազրույցի ընթացքում: Միևնույն ժամանակ Լավրովը Քերիի ուշադրությունը հրավիրել է Ուկրաինայի հարավ-արևելքում ծայրահեղական զինյալների սադրանքներին: Լավրովը նշել է, որ Կիևի ներկայիս իշխանություններն ունակ չեն և չեն էլ ցանկանում վերջ դնել «Աջ սեկտորի» և այլ ուլտրաազգայնականների բռնությանը:
Լավրովը նաև պահանջել է, որպեսզի Կիևը դադարեցնի ձերբակալություններն ու կալանքից ազատ արձակի ուկրաինական հարավարևելյան շրջանների բողոքի ակցիայի մասնակիցներին:
Այս պահանջները չկատարելը սպառնալիքի տակ կդնի ապրիլի 17-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի ժնևյան հայտարարության դրույթների իրագործումը՝ նշել է Լավրովը: Լավրովը պնդում է, որ ուկրաինական կողմը համաձայնությունը առանց խախտումների կատարի:
«Ռուսական կողմը հատուկ նշել է Ուկրաինայում հնարավորինս արագ համազգային երկխոսության կարևորությունը՝ ներառյալ սահմանադրական բարեփոխումները երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերի և բոլոր շրջանների մասնակցությամբ»,- ասվում է ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
«Ժնևյան համաձայնությունը ոչ միայն չի կատարվում, այլև քայլեր են ձեռնարկվում, նախևառաջ, նրանց կողմից, ովքեր զավթել են իշխանությունը Կիևում, որոնք կոպտորեն խախտում են Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- Քերիի հետ զրույցից առաջ ասել էր Լավրովը:
Լավրովն ու Քերին նաև պայմանավորվել են շարունակել քննարկումները:
«Քերին Ռուսաստանին կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել ժնևյան պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, այդ թվում՝ բացահայտ կերպով անջատողականներին կոչ անել լքել ապօրինի զբաղեցրած շենքերն ու բլոկպոստերը, համաներում անցկացնել և հուզող հարցերը քաղաքականության միջոցով լուծել,- Լավրովի և Քերիի խոսակցության իր տարբերակն է ներկայացրել Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին:- Պետքարտուղարը նաև Ռուսաստանին կոչ է արել բարձրաստիճան դիվանագետի նշանակել, որը կաշխատեր ԵԱՀԿ առաքելության հետ՝ անջատողականներին հասկացնելու համար, որ Մոսկվան կողմ է համաձայնություններին և գնում է ճգնաժամի մեղմացման»:
Քերին նշել է, որ Ռուսաստանի հայտարարությունները, որոնք ստվեր են գցում ժնևյան պայմանավորվածություններին Ուկրաինայի հավատարմության վրա, իրականությանը չեն համապատասխանում:
«Ուկրաինայի իշխանություններն օրինագիծ են ներմուծել ծավալուն համաներման մասին, ներկայացուցիչներ են ուղարկել արևելք՝ պայմանավորվածությունները կատարելուն օգնելու համար: Մենք Ռուսաստանին խնդրում ենք ժնևյան համաձայնությանը նույնպիսի հավատարմություն ցուցաբերել»,- ասել է Ջենիֆեր Պսակին:










































