Այսօր՝ ապրիլի 22-ին, նշվում է Մայր Երկրի միջազգային օրը՝ գրում է Ria Novosti-ն:
Մայր Երկրի միջազգային օրը հռչակվել է Բոլիվիայի նախաձեռնությամբ՝ 2009-ի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի ժամանակ: Որպես բանաձևի համահեղինակներ հանդես են եկել ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ պետություններ:
ԳԱ 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ’Էսկոտո Բրոքմանը հայտարարել է, որ այդ Միջազգային օրվա հռչակումը ճանաչումն է այն բանի, որ երկիրը և նրա էկոհամակարգերը մարդկության համար ապահովում են կյանք:
Բանաձևում ընդգծվում է նաև, որ Երկիրը և նրա էկոհամակարգերը մեր տունն են, և տնտեսական, սոցիալական, բնապահպանական պահանջների միջև արդարացի հավասարակշռության հասնելու համար ներկա և ապագա սերունդներին անհրաժեշտ է աջակցել բնության և Երկիր մոլորակի ներդաշնակությանը:








































