Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավորություն չեն տվել ելույթ ունենալ ԱՄՆ-ում Վրաստանի ամենամյա փառատոնին, որը վրացի ներգաղթյալներն ավանդաբար անցկացնում են Նյու Յորքում և Բրուքլինում: Այս մասին գրում է Interfax-ը:
Նշվում է, որ այս տարի Բրուքլինի փառատոնը անց է կացվել «Նացիոնալ» ռեստորանում: Այնտեղ է ժամանել նաև Սաակաշվիլին: Այս փաստը հավաքվածները միանշանակ չեն ընդունել: Ի նշան բողոքի` նրանց մի մասն անմիջապես լքել է սրահը:
«Մարդկանց, հատկապես, չզայրացրեց այն փաստը, որ Սաակաշվիլին եկավ: Մենք քրիստոնյաներ ենք, խնդրեմ, թող գա նստի: Վրդովմունքի պատճառ դարձավ այն, որ փորձեցին դադարեցնել Թբիլիսիից հրավիրված երգչախմբի ելույթը` Միշային խոսք տրամադրելու համար»,- ասել է փառատոնի մասնակիցներից Շորենա Տետրուալին:
Նրա խոսքերով` հավաքվածների մեծամասնությունը լքել է սրահը, երբ հայտնել են, որ երգից հետո ելույթ կունենա Սաակաշվիլին: Բացի այդ, նախկին նախագահին այդպես էլ թույլ չեն տվել բարձրախոսին մոտենալ:







































