Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը:
«Երկու տասնամյակից ավելի ՍԴ-ն եղել է այն ատյանը, որը ձախողելով իր սահմանադրական առաքելությունը՝ հովանավորել, իսկ որոշ դեպքերում խթանել է ՀՀ-ում հակաժողովրդական, հակաիրավական զարգացումները»,- իր ելույթում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ ՍԴ-ն վերջին 20 տարում ժողովրդավարության պահապանից վերածվել է ժողովրդավարության բանտապանի:
«Հայաստանում կա ՍԴ ճգնաժամ. այդ դատարանի գործող անդամների ճնշող մեծամասնությունը մասնակից ու հանցակից է եղել անցած առնվազն մեկուկես տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծարարություններին: Նրանց մասնակցությամբ է կայացվել և այնուհետև վերահաստատվել ընտրացուցակների հրապարակումն արգելող ՍԴ հայտնի որոշումը, որն այն ժամանակվա և դրան հաջորդած իշխանություններին հնարավորություն է տվել բոլոր ընտրություններում և հանրաքվեներում իշխանության թեկնածուի օգտին հավելագրել մոտ կես միլիոն ձայն»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա համոզմամբ՝ ՍԴ անդամների զգալի մասը ենթադրաբար մասնակից է եղել ծանրագույն հանցագործությանը՝ իշխանության բռնազավթմանը. «Եվ այս պայմաններում մենք ՍԴ-ին իրավաքաղաքական գնահատական տալու փոխարեն՝ նրանց առաջարկում ենք արտոնյալ պայմաններով պաշտոնաթող լինել, պատվով հեռանալ: Սա որևէ կերպ մեզ չի մոտեցնում ՍԴ ճգնաժամի հաղթահարմանը, և մենք ի վերջո գալու ենք իրական և հատու լուծումների: Պարոն նախարար, ես խորապես հիասթափված եմ երկրորդ այս փորձից և համոզված եմ, որ մենք շատ շուտով կանգնելու ենք ավելի հատու միջոցների անհրաժեշտության առաջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































