Վերսկսվել է Սիրիայի խոշորագույն Հալեպ քաղաքին սննդի մատակարարումը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքը: Քաղաք է մտել սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված 200 բեռնատար, բենզինով լի ցիստեռններ:
Դրանց մուտքը Հալեպ հնարավոր է դարձել, երբ սիրիական զորքերը զինյալներին դուրս են մղել հարավային արվարձաններից, ինչն անվտանգ է դարձրել Համա քաղաքից մայրուղով ընթացքը: Զինծառայողները նաև վերականգնել են Զահրա թաղամասով Հալեպ հյուսիս-արևմտյան մուտքի վերահսկողությունը:
«Ալ-Վաթան» լրատվական ծառայությունը նշում է, որ կառավարական բանակը և ազգային պաշտպանության ուժերը վերադարձրել են նախաձեռնությունը հյուսիսային ճակատում: Ազատված թաղամասերը պաշտպանող զորքերը պահպանել են հիմնական դիրքերն ու հետ մղել հակառակորդին: Ծառայության տվյալներով՝ հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել:
Օպերացիային մասնակցող սիրիացի սպան հայտնել է Բանի-զեյդում, Լիրամունում
ավազակախմբերի բազաների ոչնչացման մասին: Նրա խոսքով՝ մարտերի ընթացքում սպանվել է առնվազն 20 դաշտային հրամանատար:









































