«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
– Պարոն Մանուկյան, մեր նախորդ զրույցներից մեկում չէիք բացառել ԱԺՄ-ի՝ ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու հեռանկարը: Հետաքրքիր է՝ ներքաղաքական այս վերջին զարգացումներից հետո տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:
– Այդ մտադրությունը կար, ու ես ասել եմ այդ մասին: Սակայն դա կապված չէ Հայաստանում առկա իրավիճակի հետ: Դա այն է, ինչ մենք կուզենայինք, բայց կլինի դա անել, թե ոչ, կստացվի մեզ մոտ, թե ոչ՝ դա կյանքը ցույց կտա: Ես հիմա դժվարանում եմ ասել:
– ԱԺՄ-ի հին զինակիցները, ըստ Ձեզ, կկարողանա՞ն լուրջ այլընտրանք լինել իշխանությանը, ինչպես նաև ընդդիմությանը, ումից հասարակությունը վերջին շրջանում շատ է հիասթափվել:
– Իհարկե, կան մարդիկ, որոնք երկար ճանապարհ են անցել ԱԺՄ-ի հետ, նաև՝ Հայաստանի քաղաքականության մեջ: Կա նաև երիտասարդություն, որը նոր է քայլեր անում: Ես չեմ կարծում, որ կուսակցության՝ քաղաքականության մեջ մտնելը անպայման պետք է պայմանավորված լինի հին կադրերով: Իսկ այն, որ Հայաստանում բավականին դատարկ տեղ, քաղաքական վակուում կա՝ դա պարզ զգացվում է՝ ոչ միայն ես եմ զգում, այլ նաև ուրիշները: Իսկ թե ով կկարողանա դա զբաղեցնել և ինչքանով դա օգտակար կլինի մեր պետությանը և հասարակությանը՝ միայն կյանքը կարող է ցույց տալ:
– Եթե ոչ ներքաղաքական վերջին իրադարձություններով՝ վարչապետի, կառավարության փոփոխությամբ, ապա ինչո՞վ կպայմանավորեք վերադարձը մեծ քաղաքականություն:
– Ինչո՞ւ եք այդ երկու բանն իրար կապում. Հայաստանում 12 վարչապետ է փոխվել, և երբ ես ասում էի, որ մենք կուզենայինք վերադառնալ, ես դա չէի պայմանավորում վարչապետի փոխվելով կամ չփոխվելով: Անկախ նրանից՝ վարչապետը կփոխվի, թե ոչ, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում կան բավականին դատարկ տեղեր: Ես կարծում եմ, որ կան բավականին տեղեր, որտեղ հասարակության համար վստահելի ուժեր չկան: Այսինքն՝ տեղ կա:
– Այդ տեղերն ընդդիմությա՞ն մեջ են, թե՞ գուցե ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության:
– Իշխանության մեջ երբեք տեղեր չկան, իշխանությունն այն է, ինչ որ կա: Իշխանության մեջ կարող են լինել շատ տարբեր մարդիկ՝ տարբեր սկզբունքներով, բայց այն ընկալվում է որպես միասնական մի բան, որն իրականացնում է իշխանություն: Արդար, թե անարդար՝ ամեն ինչ իր վրա է: Եվ կա ընդդիմություն, դժգոհություններ, որոնք շատ տարբեր են և տարբեր հույսերով են իրար միանում:
Մի բան է հասկանալի՝ Հայաստանի քաղաքական դաշտում լրիվ ձևավորված չեն կուսակցությունները, հասարակությունը ապագայի հետ կապված բավականին սպասումներ ունի: Դա հնարավորություն է տալիս այն մարդկանց, որոնք անկեղծորեն նվիրված են այս պետությանը և կարող են ինչ-որ բան անել, մտնել կամ մնալ քաղաքականության մեջ: Ում ինչ կհաջողվի՝ ցույց կտա ժամանակը:
– ԱԺՄ-ն ակտիվ քաղաքականություն վերադառնալու դեպքում արդյոք կլինի՞ Հայաստանի իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական կուրսի ընդդիմադիր:
– Շատ «եթե»-ներ ստացվեցին: Ես կարծում եմ, որ ԱԺՄ-ն երբ վերադառնա, համագումար կանի, այդ ժամանակ էլ կհանդիպենք ու կխոսենք:









































