Խարկովում Իվան Կոժեդուբի անվան Ռազմաօդային ուժերի համալսարանի մոտ լրտեսման կասկածանքով տղամարդ է ձերբակալվել: Այս մասին ՈւՆԻԱՆ գործակալությանը հայտնել է Ուկրաինայի ՊՆ տարածաշրջանային մեդիակենտրոնի ղեկավար Դմիտրի Գորբունովը:
Նրա տեղեկություններով՝ աղքատի տեսքով ծպտված քաղաքացին այս շաբաթ մուրացկանություն էր անում համալսարանի մոտ: Զինվորական պարեկները նկատել են, որ միջին տարիքի վատ հագնված տղամարդը նայել է ուսումնական հաստատության դարպասից այն կողմ, պարբերաբար դուրս բերել տետրն ու նշումներ արել:
Նրա գործողությունները կասկածելի են թվացել պարեկներին: Զինծառայողների հետ շփման ժամանակ նա սկսել է նյարդայնանալ և հատուկ տերմիններ օգտագործել, որոնք բնորոշ չեն սովորական անօթևան մարդկանց:
Պարեկները, չունենալով զորամասի տարածքից դուրս քաղաքացիների խուզարկության իրավունք, ոստիկանություն են կանչել:
Ոստիկանության աշխատողները նրա մոտ հայտնաբերել են թղթեր, որոնցում ձեռքով նկարված են եղել ռազմաուսումնական հաստատության ենթակառուցվածքի պաշտպանական օբյեկտները: Անհայտ անձի մոտ հայտնաբերվել է նաև Խարկովի քարտեզը:
Ձերբակալվածին հանձնել են ռազմական հակահետախուզության աշխատակիցներին:









































