ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դեմ են Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու դատախազների միջնորդությանը: Այս մասին դատական նիստում ասաց Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստը, որի ժամանակ դատախազները դատավորին ներկայացրեցին ինքնաբացարկի միջնորդություն։
Հ.Ալումյանի խոսքով՝ սա ոչ թե դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է, այլ՝ միջնորդություն՝ գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին։ Ալումյանը վստահեցնում է՝ ներկայացված միջնորդությունն անհիմն է։ Նրա խոսքով՝ դատախազը, ցանկանալով ավելի գրագետ ներկայացնել միջնորդությունը, մեջբերում է տարբեր կոնվենցիաներից հատվածներ։ Այս հայտարարությանն ի պատասխան դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ իր գրագիտությանը վերաբերող արտահայտության պատասխանը շատ տխուր կլինի, իսկ նախագահող դատավորը նշեց, որ Հայկ Ալումյանի խոսքում որևէ արտահայտություն կապված դատախազի գրագիտությանը չկար, հակառակ դեպքում՝ նա կդադարեցներ Հայկ Ալումյանի ելույթը։









































